Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հրաժարականի դիմումներ են ներկայացրել. Մանուկյան

Գեղամ Մանուկյանը թվարկեց, թե ովքեր են վերջին օրերին պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և ընթերցեց ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետների գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանի հայտարարությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն այսօր Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը և ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետների գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Թովմասյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։

Գեղամ Մանուկյանը թվարկեց, թե ովքեր են վերջին օրերին պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ նրանց թվում կան դասախոսներ, արտիստներ, դիրիժորներ։

«Այս պահին լուր ստացանք, որ փակ է Իջևան–Երևան մայրուղին` իրենց համերկրացի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Եվ վերջապես, պարոնայք ոստիկաններ, հարգելի քաղաքացիներ, հենց նոր տեղեկություն ստացանք, որ ծառայությունից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ, գնդապետ Սամվել Հակոբյանը»,– հայտարարեց Մանուկյանը։

Նրա հայտարարությանը հաջորդեցին ծափահարությունները։

Մանուկյանն ընթերցեց նաև ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի կարմիր բերետների գումարտակի հրամանատարի տեղակալ Խաչատուր Մակիրի Թովմասյանի հայտարարությունը, որում վերջինս հայտնում է, որ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:

«Ինձ համար կարևոր են մարդկային և հոգևոր արժեքները, չեմ հանդուրժում կազմաքանդ և անպատասխանատու մարդկանց։ Պատերազմի ժամանակ գումարտակով, երկու հերթափոխով գործուղվել ենք Արցախ մարտական
ծառայության, որը կատարել ենք պատվով։ Ականատես ենք եղել նաև վատ երևույթների, կառավարման բացակայության և անկազմակերպվածության։ Հարկ եմ համարում այս պատասխանատու պահին միանալ ժողովրդին, կոչ եմ անում իմ ծառայակից ընկերներին հետևել իմ օրինակին»,– գրված էր Թովմասյանի հայտարարության մեջ։

Հիշեցնենք` Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող անհնազանդության ակցիան։  Բացի բողոքի ակցիաններից, այսօր իրականացվում են նաև դասադուլներ և գործադուլներ։

Բազմամարդ ակցիայի ընթացքում հնչում են արդեն օրեր շարունակ հնչող «Նիկոլ, հեռացիր», «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան» կոչերը, ծածանվում է եռագույնը։ Ժամանակ առ ժամանակ լսվում է հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանի` վերջերս հեղինակած «Իմ Արցախ, իմ հող ու ջուր,  իմ Հայաստան» երգը: