Բողոքի ակցիայի մասնակիցները նախարարությունների շենքի մոտ են. տեսանյութ

Հայրենիքի փրկության շարժման մասնակիցների մի մասը շարունակում է հանրահավաքը Հանրապետության հրապարակում, իսկ մյուս մասը շրջափակել է նախարարությունների շենքը։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների բողոքի ակցիան Հանրապետության հրապարակից տեղափոխվեց նախարարությունների շենքի մոտ։

Արցախ ու Հայաստանի դրոշները ձեռքներին պահած` հավաքվածները վանկարկում են. «Նիկոլ, դավաճան»։

Նշենք, որ բողոքի ակցիան մեկնարկել էր Երևանի Հանրապետության հրապարակում։ Այնտեղ քաղաքական գործիչները ելույթ ունեցան հավաքվածների առաջ։

«Հիմա նորից պատերազմ է, պատերազմ մեր ապագայի համար». Վազգեն Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման առաջիկա գործողությունները։ Համաձայն դրանց`ժողովրդի մի մասը շարունակում է հանրահավաքը Հանրապետության հրապարակում, իսկ մյուս մասը շրջափակում է կառավարության և դատախազության շենքը՝ առանց ներս մտնելու։

Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» դեկտեմբերի 16–ի բողոքի ակցիայի ժամանակ հայտարարվեց, որ դեկտեմբերի 22-ը համահայաստանյան գործադուլի և դասադուլի օր կլինի։ Դասադուլին միացել են ԵՊՀ և ԵՊԲՀ–ի որոշ ֆակուլտետներ, իսկ գործադուլին մասնակցելու մասին արդեն հայտարարել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը։

Դեկտեմբերի 12-ին բժշկական համալսարանի մի շարք աշխատակիցներ միացել էին ՀՀ-ի և սփյուռքի ավելի քան 300 բուժաշխատողների պահանջին` ստեղծված վիճակի համար պատասխանատու անձանց հրաժարականների ու կառավարության ինքնակամ և անցնցում հեռացման մասին: