ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի – Sputnik. Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց և տեսազրույց է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդի հետ։
Այվազյանն իր շվեդ գործընկերոջը շնորհավորեց 2021 թվականից ԵԱՀԿ նախագահությունը ստանձնելու կապակցությամբ:
«Տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի համատեքստում Այվազյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիային, որն ուղեկցվել էր մարդու իրավունքների ծանրագույն և զանգվածային խախտումներով և պատերազմական հանցագործություններով: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և խաղաղապահների տեղակայման մասին նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության և դրա կյանքի կոչման ընթացքի շուրջ»,–նշված է ԱԳ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի քննարկումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Արցախի կարգավիճակ ու դեօկուպացիա. Արա Այվազյանն ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին
Իսկ Զբիգնև Ռաուի հետ տեսազրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել նաև համագործակցության ընդլայնմանը ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում: Այս համատեքստում նԱյվազյանն ընդգծել է Արևելյան գործընկերության ձևաչափի կարևորությունը՝ որպես ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխգործակցության արդյունավետ հարթակի։
Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի՝ Այվազյանն իր գործընկերոջը համապարփակ ներկայացրեց Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական ներգրավվածությամբ ագրեսիան և դրա հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: