ՌԴ–ն Ղարաբաղում կիրառված ԱԹՍ–ների փորձը հաշվի կառնի իր նոր ծրագրում․ փոխվարչապետ

Ղարաբաղյան հակամարտությունը ցույց տվեց՝ որքան լայնորեն են կիրառվում անօդաչու սարքերը, իսկ Սիրիայի մարտական գործողությունների ժամանակ ցուցադրվեցին ռուսական բարձր ճշգրտություն ունեցող հրթիռների առավելությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի — Sputnik. Ռուսաստանի կառավարությունը սպառազինության զարգացման նոր ծրագիրը կազմելիս հաշվի կառնի Սիրիայում ու Ղարաբաղում իրականացված մարտական գործողությունների փորձը։ ՌԲԿ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։

Հեշտ չի լինելու. Ղարաբաղյան հակամարտության լուծումը դեռ առջևում է

Մինչև 2033 թվականը նախատեսված ծրագրում, Բորիսովի խոսքով, հաշվի է առնվելու մասնավորապես անօդաչու սարքերի կիրառման փորձը։

«Տեսեք՝ անօդաչու սարքերի կիրառմամբ որքան է փոխվել զինված հակամարտությունների բնույթը։ Սա արդեն կայուն միտում է։ Սկզբում դրանք հետախուզական սարքեր էին, այսօր արդեն` նաև հարվածային։ Ղարաբաղը ցույց տվեց՝ ինչպես են դրանք աշխատում», -նշել է Բորիսովը։

Բացի այդ, հաշվի է առնվելու Սիրիայում բարձր ճշգրտություն ունեցող զենքի գործածման փորձը, խոսքն այդ թվում նաև «Կալիբր», X-101 և այլ համակարգերի մասին է։ Փոխվարչապետն ավելացրել է, որ ուղղորդված էներգիայի զենքն արդեն ֆանտաստիկա չէ, այլ իրականություն։

Սպառազինության ներկայիս՝ 2018-27 թվականների ծրագրի ծավալը կազմում է մոտ 20 տրիլիոն ռուբլի։ 2020 թվականի հուլիսին Ռուսաստանի ֆինանսների նախարարությունն առաջարկել է ծրագիրն առաջիկա երեք տարվա համար կրճատել 5%-ով կորոնավիրուսի հետ կապված տնտեսական դժվարությունների պատճառով։ Սեպտեմբերին ՌԴ կառավարությունը հավանություն է տվել այդ առաջարկին։

Ղարաբաղում պատերազմից հետո արժե մտածել կանոնների փոփոխությունների մասին. լեհ մայոր