Համացանցում հրապարակվող գերիների ցուցակները ճշգրտված չեն. ՔԿ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ չճշգրտված տեղեկությունները խուճապ են առաջացնում հանրության շրջանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ վերջին օրերին համացանցում լայն տարածում գտած ենթադրյալ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց ցուցակները պարունակում են չճշգրտված տեղեկություններ և խուճապ են առաջացնում հանրության շրջանում:

Հնարավոր է` առաջիկա օրերին գերիների նոր փոխանակում տեղի ունենա. Արցախի նախագահի խորհրդական

«Խնդրում ենք հիմք ընդունել բացառապես ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվությունը: Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց և հանրությանը մոլորեցնելուց»,– ասված է հայտարարության մեջ:

ՀՀ քննչական կոմիտեն հրապարակել է տեղեկատվական հեռախոսահամարներ, որոնցով անհետ կորածների ու գերիների հարազատները կարող են ճշտլ իրենց հուզող տեղեկությունները՝ (011)88-00-94, (011) 88 -00 -21:

Նշենք, որ դեկտեմբերի 14-ին գերիների փոխանակման առաջին ու առայժմ միակ փուլի ընթացքում Հայաստան էր վերադարձել 44 գերեվարված։

Եվս 1 գերի վերադարձվեց դեկտեմբերի 15-ին։

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 12 անձի, որոնց թվում` Արցախում սպանության ու դիվերսիայի համար դատապարտված 2 հանցագործների։

Արցախում նոր գերիներ չեն վերցվել. ՊԲ–ն` տարածված տեսանյութի մասին

Դեկտեմբերի 18-ին Հայաստան վերադարձան Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի հատվածում շրջափակման մեջ մնացած 72 կամավորներ։

Իսկ դեկտեմբերի 21-ին հայտնաբերվել ու Ստեփանակերտ են տեղափոխվել անհայտ կորած համարվող 6 զինծառայողներ, որոնք մնացել էին թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում։

Գերիների մասին թվային ստույգ տվյալներ կողմերը չեն հայտարարում։ Երեկ հայտնի դարձավ, որ Բաքուն ընդունում է 62 գերու փաստը։