Ղարաբաղը Մերձավոր Արևելքի ծայրահեղականների տեղը չէ․ Ռուսաստանի փոխարտգործնախարար

ՌԴ արտգործնախարարի տեղակալի խոսքով՝ Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններում արձանագրված փաստ է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. Լեռնային Ղարաբաղի շրջանում չպետք է ծայրահեղական գրոհայիններ լինեն։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Օլեգ Սիրոմոլոտովը։

Իրանցի սահմանապահները ահաբեկիչների են ձերբակալել Արևմտյան Ադրբեջան նահանգում

Նրա խոսքով՝ «Մերձավոր Արևելքից գրոհայինների մասնակցությունը Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններում արձանագրված փաստ է, որը ոչ միայն մենք ենք հաստատել»։

«Մոտ երկու հազար վարձկան է եղել։ Մենք ամենասկզբից մտահոգություն էինք հայտնել այն կապակցությամբ, որ այնտեղ հայտնվել էին ջիհադիզմի գաղափարախոսությանը դավանող ծայրահեղական գրոհայիններ։ Մեր դիրքորոշումը նրանց հետ կապված փոփոխությունների չի ենթարկվել․ նրանք չպետք է այնտեղ լինեն», - ասել է Սիրոմոլոտովը։

Արցախի դեմ սանձազերծած պատերազմի առաջին իսկ օրերից հայտնի դարձավ, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսից վարձկաններ է ուղարկել Ադրբեջան՝ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործելու նպատակով։ Այս տեղեկությունները հաստատել էր նաև ՌԴ Արտաքին հետախուզական ծառայության պետ Սերգեյ Նարիշկինը:

ՌԻԱ Նովոստին էլ տեղեկացրել է, որ հոկտեմբերի 16-ին ավելի քան 1000 գրոհային է տեղափոխվել ղարաբաղյան հակամարտության գոտի։

Ձերբակալվել է Արցախի դեմ կռվող ահաբեկչական խմբավորման անդամներից մեկը

Հայտնի է, որ սիրիացի ահաբեկիչներին 1,5-2 հազար դոլար են խոստանում ռազմական գործողություններին 1 ամիս մասնակցելու համար։ Այս տեղեկությունը հաստատել են ոչ միայն հայաստանյան և ղարաբաղյան իշխանությունները, միջազգային ԶԼՄ-ներն ու արտասահմանյան իրավապաշտպան կազմակերպությունները, այլև Սիրիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի և այլ երկրների իշխանությունների ներկայացուցիչներ։

Թուրքիան Հարավային Կովկասը լցրել է ահաբեկիչներով. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցը