Մեկ օրվա ընթացքում Արցախ է վերադարձել 300-ից ավելի բնակիչ

Ռուս խաղաղապահների աջակցությամբ Մարտակերտում վերականգնվել է մեկ բնակելի տուն և 1,6 կմ էլեկտրահաղորդման գիծ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Այսօր Արցախի ավելի քան 300 բնակիչներ տուն են վերադարձել։ Տեղեկությունը հայտնում է  ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Մեկ օրում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 306 քաղաքացիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Նոյեմբերի 14-ից սկսած մինչ օրս Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 42 051 մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արցախում ռուս սակրավորներն ավելի քան 218 հա տարածք մաքրել են պայթյունավտանգ առարկաներից

Ռուս խաղաղապահների կողմից 24 դիտակետերում իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: Այն պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով։

Խաղաղապահների աջակցությամբ շարունակվում են Արցախում ենթակառուցվածքների, բնակելի տների, դպրոցների վերականգնման աշխատանքները։

Մարտակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ վերականգնվել են մեկ բնակելի տուն և 1,6 կմ էլեկտրահաղորդման գիծ: Ընդհանուր առմամբ արդեն վերականգնվել է 23 բնակելի շենք և 7,9 կմ էլեկտրահաղորդման գիծ։

Խաղաղապահները Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում են մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնողական և փոխանակման աշխատանքները։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ գործարկվել է նաև «Թեժ գիծ»՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքագրելու նպատակով։ «Թեժ գծի» աշխատանքի սկզբից ընդունվել է 521 դիմում (դեկտեմբերի 20-ին` 4 դիմում): Բոլոր դիմումները փոխանցվել են Կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։

Խաղաղապահ գործունեության շրջանակում Ճարտար գյուղում կազմակերպված շարժական ամբուլատոր-պոլիկլինիկայում օգնություն է ցուցաբերվել 35 բնակչի, այդ թվում ՝ մեկ երեխայի: Ընդհանուր առմամբ, խաղաղապահ առաքելության կազմակերպման սկզբից ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 759 մարդու, որոնցից 85-ը երեխաներ են։

Անհետ կորած համարվող 6 զինծառայողի ողջ են գտել. Արցախի նախագահի ուրախ լուրը

Խաղաղապահ զորախմբի բոլոր գործողություններն իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցների պահպանմամբ։

ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում է, որ ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու նպատակով պահպանվում է  շարունակական փոխգործակցություն Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։