Գորիսի քաղաքապետը կոչ է անում արգելել Փաշինյանի մուտքը Սյունիք

Առուշանյանն ընդգծել է, որ սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, այլ սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի - Sputnik. Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որով համաքաղաքացիներին կոչ է անում առավոտյան միանալ իրենց խմբին և արգելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ երկուշաբթի` դեկտեմբրի 21–ին կայցելի  Սյունիքի մարզ։«Կայցելեմ Մեղրի, Կապան, Գորիս, Սիսիան՝ հանդիպելու քաղաքացիների, ՏԻՄ եւ մարզային կառույցների ներկայացուցիչների հետ»,–գրել էր նա։

Հայերի մեղքերը, կամ որ քայլերը մեզ բերեցին այս հանգրվանին

«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի  դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ  գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին»,–գրել է նա` իր գրառումը «Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է» վերնագրելով։ 

Առուշանյանն ընդգծել է, որ սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզման արտահայտումը։ 

«Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց...»,–գրել է Գորիսի քաղաքապետը։

Այսօր ավելի վաղ, երբ Գորիս–Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական դրոշով ադրբեջանցի զինծառայողներ էին հայտնվել, Առուշանյանն իր մտահոգությունն էր հայտնել` Փաշինյանին հարց ուղղելով, թե ինչ երեսով է վաղը Սյունիք գալու։