«Իսկ ի՞նչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո». Փաշինյանն ուղերձ է հղել

Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ ամեն ինչ պետք է դիտարկել ավելի երկարաժամկետ իմաստով, և որ տեղի ունեցածի մեղքը չի կարելի բարդել մեկ– երկուսի վրա։
Sputnik

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախյան երկրորդ պատերազմի ավարտի 40–րդ օրը հանդես եկավ ուղերձով` նշելով, որ հայ ժողովրդի պատմության մի ծանրագույն փուլ ենք ապրում, բայց իսկական ողբերգությունն այն կլինի, որ մենք այսուհետ ապրենք պարտվածի հոգեբանությամբ։

Փաշինյանը ոչ մարզիչ է, ոչ էլ, առավել ևս, Նապոլեոն

Նշենք, որ Հայաստանում դեկտեմբերի 19–21–ը եռօրյա սուգ է հայտարարված։

«Մենք ազգովի անցել ու անցնում ենք մղձավանջի միջով: Երբեմն թվում է, թե մեր երազանքները ջարդուփշուր են եղել, երբեմն թվում է՝ մեր լավատեսությունը փուլ է եկել, մեր ինստիտուտների գործունակությունը հայտնվել է կասկածի ներքո: Այս ամենի հետևանքով ձևավորվել է և ձևակերպվել մի մեծ հարցական` իսկ ի՞նչ ենք անելու հաջորդիվ, ինչպե՞ս ենք ապրելու սրանից հետո և որն է լինելու մեր նպատակը: Եվ ինչո՞ւ ամենը այսպես դասավորվեց, ինչո՞ւ այսպես եղավ»,–ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ ստանձնել է տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը, որը կրում է ի պաշտոնե և ասաց, որ խոնարհությամբ կընդունի ցանկացած դատավճիռ, որ ժողովուրդը կկայացնի:

«ՀՀ ԳՇ պետը պարտավոր է գործել». ՓՊ նախագահը Սյունիքի հարցով Փաշինյանին չի դիմում. ինչո՞ւ

«Բայց ես չեմ կարող չասել, եթե քավության նոխազի ինստիտուտը լավ է սրտի հովության, զայրույթն ու ցասումը պարպելու համար, ամենևին օգտակար չէ տեղի ունեցածն իր խորության ու ամբողջության մեջ հասկանալու համար: Մի բան, որ անհրաժեշտ է ապագան կառուցելու և անցյալի ճանապարհը չկրկնելու տեսակետից»,–ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ սա, իհարկե, չի նշանակում, թե  պատերազմի հանգամանքների ուսումնասիրություն չպետք է իրականացվի, բայց կրկին շեշտեց, որ ամեն ինչ պետք է դիտարկել ավելի երկարաժամկետ իմաստով։

Հուսով եմ` Փաշինյանը հեռանալու համարձակություն կգտնի իր մեջ. Կարեն Կարապետյան

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա չի կարող լինել մեկ կամ երկու հոգու, մեկ կամ մի քանի տարվա սխալների արդյունք։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։