Խաղաղապահներն Արցախում մեկ օրում ավելի քան 1300 պայթյունավտանգ առարկա են վնասազերծել

ՌԴ ՊՆ Միջազգային հակատականային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում տեղանքի ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Խաղաղապահ ուժերի ռուսական զորակազմի մասնագետները մեկ օրում ավելի քան 1300 պայթուցիկ նյութ են վնասազերծել Լեռնային Ղարաբաղի տարածքում:

Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ ականազերծմանը մասնակցող զինծառայողներն ապահովված են սակրավորի ժամանակակից պաշտպանական համազգեստով, զինված են պայթյունավտանգ առարկաների որոնման ժամանակակից համակարգերով՝ ИМП-С2 ականաորոնիչներ և ИНВУ-3М որոնիչներ։ Ինժեներական հետախուզության ընթացքում օգտագործվում են ական որոնող հատուկ վարժեցված շներ։

Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական․ ՌԴ ՊՆ

Նշվում է, որ օրվա ընթացքում ինժեներական հետախուզություն և տարածքի ականազերծում է կատարվել Ստեփանակերտում։ Մաքրվել է 21,8 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացման համար դուրս է բերվել 1334 պայթյունավտանգ առարկա։

«Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաներն ու չպայթած զինամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ սարքավորված զինափորձարանում: Այն զիմաթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցների պահպանմամբ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ընդհանուր առմամբ` Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքների ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է մոտ 195 հեկտար տարածք, մոտ 87 կմ ավտոճանապարհ, 423 բնակելի կառույց, հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 73 500 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահները Ճարտարի դպրոցականներին անվտանգության կանոններ են սովորեցրել

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են