Տունը հրկիզել են ոչ թե Կապանում, այլ Ադրբեջանին հանձնվող գյուղում. տեսանյութ

Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմի մեջ մտնող Սպիտակաշեն գյուղը մնացել է սահմանի այն կողմում։ Այժմ էքսկավատորը սահմանագիծն է փորում
Sputnik

Կապան քաղաքում մարդիկ իրենց տները չեն հրկիզել. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վայրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։ Նրա խոսքով՝ մի տուն հրկիզվել է Կապանից 2 կմ հեռավորության վրա գտնվող Քաշաթաղի շրջանի Սպիտակաշեն գյուղում։ Խորհրդային տարիներին այն Ադրբեջանական ԽՍՀ Զանգելանի շրջանի կազմում էր՝ Հայկական ԽՍՀ սահմանին մոտ։ Սպիտակաշենը Կապանի օդանավակայանից մի քանի հարյուր մետր, իսկ Կապան քաղաքից մոտ 2 կմ հեռավորության վրա է։

Կորցնում ենք Հայաստանի ողնաշարը. Սյունիքում սպասում են «մի ադեկվատ մարդու»

«Գյուղում մի քանի տուն է եղել, որոնցից մեկն այրել են», - նշում է մեր թղթակիցը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել այն մասին, որ Կապանի բնակիչները սկսել են այրել իրենց տները:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն ընդունեցին, որի համաձայն` Արցախի մի շարք տարածքներ փոխանցվեցին Ադրբեջանին։

Դեկտեմբերի 12-ին ԱԽ նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում պետք է որոշումներ կայացվեն Սյունիքին սահմանամերձ Կուբաթլուի ու Զանգելանի շրջանների հետ կապված։ Նա չբացառեց, որ այդ գործընթացի հետևանքով կարող է որոշակի լարվածություն առաջանալ։

«Կորցնում ենք Սյունիքի կարևորագույն սահմանները». Սուրիկ Խաչատրյանի կոչը

Վերջին օրերին սյունեցիները բողոքի ցույցեր են անցկացնում և պնդում, որ վտանգված է նաև իրենց անվտանգությունը։ 

Երեկ լուրեր տարածվեցին, որ այսօր` ժամը 17.00–ին, Սյունիքի մարզի բոլոր բարենպաստ դիրքերը հանձնվելու են թշնամուն։