Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ

Թեպետ ամեն ինչ դեռ անորոշ է, բայց ապահովության համար գյուղից արդեն տարհանել են կանանց և երեխաներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում, հնարավոր է, Շուռնուխ գյուղի 12 տուն ադրբեջանական տարածքում հայտնվի։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնում է Սյունիքի մարզի Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։ Նրա խոսքով՝ կադաստրային քարտեզով տները գյուղի տարածքում են, սակայն ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն ադրբեջանական ԽՍՀ տարածքում է։

Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ

«Երեկ պաշտպանության նախարարն ասաց, որ գյուղի հարցը քննարկվում է, դեռ անորոշ է։ Երկու ժամ առաջ նախարարության ներկայացուցիչն ասաց, որ գյուղը մնալու է հայկական վերահսկողության տակ»,- նշում է գյուղապետը։

Ըստ ադրբեջանցիների՝ Գորիսից դեպի Շուռնուխ և Շուռնուխից դեպի Կապան գնացող ճանապարհներն էլ են հատում սահմանը։ Գյուղապետի տեղեկություններով՝ այդտեղ կանգնելու են հայ և ադրբեջանցի սահմանապահները, բայց թե քանի մետր հեռավորություն է նրանց միջև լինելու, դեռ հայտնի չէ։

Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ

«Այսօր ես արդեն ստիպված ժողովրդին ասել եմ՝ ձեր ցանկությամբ, ինչպես ուզում եք»,- ասում է գյուղապետը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք բնակիչները սկսել են լքել գյուղը։ Շեշտում է՝ մինչև երեկ առավոտյան ասում էր, որ լավ է լինելու, իսկ երբ երեկ հայկական զորքը հանվեց, նախարարի հետ խոսելուց հետո էլ հասկացավ՝ ամեն ինչ անորոշ է, ստիպված էր այդ մասին ասել ժողովրդին։ Ապահովության համար կանանց և երեխաներին գյուղից արդեն հանել են։

Ասում է, որ գյուղի վերջին տներից մեկն իրենն է. գյուղի վարչական տարածքը վերջանում է տնամերձ հողամասի սահմանին։

«Վաղը պարզ կլինի՝ հայ սահմանապահն իմ բոստանում է կանգնելու, բոստանից դուրս, թե հիսուն մետր հեռու։ Միգուցե, ասում են, մայրուղում է կանգնելու։ Այդպես տները պաշտպանված չեն լինի։ Աբսուրդ է»,- ավելացնում է գյուղապետը։

Սահմանազատումից հետո Շուռնուխի 12 տները ադրբեջանական տարածքում են մնում. տեսանյութ

Հիշեցնենք, որ կամավորներից մեկի փոխանցմամբ՝ Շուռնուխից մինչև ադրբեջանցիների մոտակա դիրքն ուղիղ գծով մոտավորապես 1 կիլոմետր է։

Հավելենք, որ հայկական զինուժն ու կամավորները հեռանում են Սյունիքում զբաղեցրած դիրքերից դելիմիտացիայի ու Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի շրջանակներում։ Դա բողոքի ակցիաների պատճառ է դարձել սահմանամերձ համայնքներում։