ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Լեռնային Ղարաբաղի հումանիտար ականազերծման ռուսական կենտրոնի զինծառայողները անվտանգության միջոցների պահպանման պարապմունքներ են անցկացրել Ասկերանի շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 հանրակրթական դպրոցի աշակերտների հետ, սովորեցրել, թե ինչ պետք է անել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում:
Ինչպես հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ռուս մասնագետներն աշակերտներին պատմել են պայթուցիկ սարքերի տեսակների մասին, սովորեցրել, թե ինչ է պետք անել պայթյունավտանգ առարկաների հայտնաբերման դեպքում։ Մասնագետները նաեւ ցույց են տվել առաջին բուժօգնության կանոնները։
Պարապմունքներին մասնակցել են միջին և ավագ դասարանների ավելի քան 80 աշակերտներ, ուսուցիչներ և դպրոցականների ծնողներ:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են