Պարզապես մարդը, որը սովորական պայմաններում կշարունակեր իր առօրյա դժգույն կյանքը, հեղափոխությունից հետո հանկարծ հայտնաբերում է, որ շատ լուրջ քաղաքական գործիչ է և կարող է ազդել պետական կարևորագույն խնդիրների լուծման վրա։ Այդպես եղել է ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այդպես եղել է ավելի քան հարյուր տարի առաջ կատարված ռուսաստանյան հեղափոխության ժամանակ, և իմ կարծիքով նույն պատկերն է հիմա Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո։ Բայց եկեք վերանանք այն հարցից, թե որոշ կոնկրետ անձանց ինչ տվեց հեղափոխությունը, և դառնանք գլխավոր խնդրին՝ ինչ է տալիս հեղափոխությունը տվյալ երկրի հասարակությանը։
Ինչո՞ւ եմ ուզում այսօր անդրադառնալ հեղափոխություններին։ Առիթը կա։ Ուղիղ 10 տարի առաջ սկսվեց այսպես կոչված արաբական գարունը։ Այո, սկսվեց ոչ թե գարնանը, այլ ձմռանը և սկսվեց ողբերգական միջադեպից։ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին Թունիսի 26-ամյա բնակիչ Մոհամմեդ Բուազիզին փորձում էր փողոցում մրգերի և բանջարեղենի մի փոքր առևտուր կազմակերպել, ոստիկանները մոտեցան, հայհոյեցին նրան, մեկը նույնիսկ ապտակեց, ինչից հետո այդ երիտասարդը ինքնահրկիզվեց։ Այս դեպքը հասարակական շատ մեծ արձագանք ստացավ, Թունիսում սկսվեցին զանգվածային բողոքները, և ի վերջո նախագահ Բեն Ալին, որը երկիրը կառավարել էր գրեթե 25 տարի շարունակ, ստիպված եղավ ընտանիքով փախչել Եվրոպա։ Այսպես սկսվեց արաբական գարունը։
Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը
Երևի հարկ չկա մանրամասն պատմելու, թե ինչ եղավ դրանից հետո։ Այսպես կոչված դոմինոյի էֆեկտով թունիսյան հեղափոխությունը տարածվեց արաբական այլ երկրներում։ Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆին սպանվեց, Եգիպտոսի ղեկավար Հոսնի Մուբարաքը 6 տարի բանտում անցկացրեց, բայց Սիրիայի նախագահ Բաշար Ասադը մինչև հիմա էլ պահպանում է իր պաշտոնը։ Սակայն չշեղվենք թեմայից և կրկին դառնանք այն հարցին, թե արդյոք հասարակությունը շահո՞ւմ է հեղափոխություններից։ Ժողովրդավարության իմաստով կարծես թե շահում է։ Համենայնդեպս այդ են վկայում սոցիոլոգիական հարցումները։
Արաբական գարնան 10-ամյակի նախօրեին՝ այս տարվա հոկտեմբերին, աննախադեպ հարցում է անցկացրել Քաղաքական հետազոտությունների արաբական կենտրոնը։ Պատկերացրեք՝ մոտ 1000 փորձագետ 13 երկրներում իրենց հարցումներում ներգրավել են շուրջ 30 հազար մարդու։ Պարզվել է հետևյալը՝ հարցվածների երեք քառորդը աջակցել է ժողովրդավարությանը և ազատ ընտրությունների անցկացմանը։ Ավելին՝ այդ երկրների բնակիչների մոտ կեսն ասել է՝ մեր խորհրդարանը լավ է աշխատում։ Համաձայնեք՝ շատ հետաքրքիր կլիներ նույն հարցն ուղղել հայաստանցիներին՝ տեսնես քանի տոկոսը կասեր, որ մեր պառլամենտը լավ է աշխատում։ Բայց չշեղվենք։
Ձախողված 2020 թվականը, կամ ով է լինելու «տարվա մարդը»
Արդյոք հեղափոխություններից հետո կյանքը լավացա՞վ։ Արաբական երկրների բնակիչների ճնշող մեծամասնությունը՝ երեք քառորդն այս հարցին պատասխանել է. «Մեր կյանքը բոլորովին էլ չի լավացել»։ Իրաքում, Եգիպտոսում և Ալժիրում քաղաքացիների մեկ երրորդն ասել է՝ փոփոխություն չենք զգացել։ «Ի՞նչ եք կարծում, ձեր երեխաներն ավելի լավ կապրե՞ն». այս հարցին Եմենում 10 անգամ ավելի շատ մարդ բացասական է պատասխանել, քան դրական։
Մի խոսքով, մոտավորապես այսպիսի եզրակացություն կարելի է անել, որը երևի թե Հայաստանին էլ է վերաբերում։ Ընդհանուր առմամբ լայն հասարակության կյանքը հեղափոխությունից հետո էական փոփոխություններ չի կրում։ Որոշ մարդկանց կյանքում այդ էական փոփոխությունները կատարվում են։ Օրինակ` պատգամավոր են դառնում կամ սկսում են աշխատել կառավարական հաստատություններում։ Բայց ամենևին պարզ չէ, թե որքանով է այս ամենը հարատև այն պարզ պատճառով, որ հեղափոխությունից հետո հանրությունը նոր ազատություններ է ստանում՝ մասնավորապես, իշխանություններին քննադատելու ազատություն, իսկ դա մեծ վտանգ է ներկայացնում այն մարդկանց համար, որոնք շահել են հեղափոխության արդյունքում։