Ֆիզուլուց, Ջաբրայիլից և Հադրութից գտել են 35 զինծառայողի աճյուն ու մեկ տարեց կնոջ դիակ

Որոնողական աշխատանքներ են նախատեսված Մարտունու շրջանի Ներքին Ճարտար համայնքի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի, Ֆիզուլու, Ջաբրայիլի շրջանների հատվածում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ֆիզուլու, Ջաբրայիլի և Հադրութի հատվածներում իրականացվող որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են ևս 36 զոհերի մարմիններ ու աճյուններ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«35-ը զինծառայողներ են, 1-ը` քաղաքացիական անձ։ Տարեց կին է`Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղից։ Նրա մարմինը հայտնաբերվել է իրենց գյուղի տարածքում»,– ասաց նա:

Որոնողական աշխատանքներն այսօր՝ դեկտեմբերի 18-ին նախատեսվում է իրականացնել Մարտունու շրջանի Ներքին Ճարտար համայնքի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքում, Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղի, Ֆիզուլու, Ջաբրայիլի շրջանների հատվածում:
Որոնողական աշխատանքներին իրենց ցանկությամբ մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներն ու Արցախյան պատերազմի մասնակից, տեղանքին քաջածանոթ կամավորները։

Արցախի ՊԲ-ին է փոխանցվել Հին Թաղեր-Խծաբերդ շրջանում հայտնաբերված 9 հայ զինծառայողի մարմին

Հիշեցնենք` որոնողական աշխատանքները մեկնարկել են նոյեմբերի 13-ին Շուշիից և շարունակվում են բոլոր այն բնակավայրերում ու տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ։ Դրանց արդյունքում առ այսօր հայտնաբերվել են 969 անհետ կորածների մարմիններ:

Ողջ հայտնաբերվել են 2 զինծառայող` Շուշիի տարածքում, որոնցից մեկը` ադրբեջանցի։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Համացանցում լուր տարածվեց, որ հայկական կողմն ունի 4750 զոհ ու անհետ կորած։  Հայաստանի առողջապահության նախարարության դատաբժշկական ծառայությունը փորձաքննել է 2718 զոհված զինծառայողի մարմին:

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը