ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Ժողովրդի համախմբում, զինված ուժերի վերակազմավորում և Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացում․ սա կօգնի Հայաստանին արժանապատվորեն ընդունել ծանր մարտահրավերը, ինչպես նաև հաղթահարել հետպատերազմական իրավիճակը։ Դրանում համոզված է «Сегодня.ру» կայքի գլխավոր խմբագիր Յուրի Կոտենոկը։
«Պետք է հաղթահարել հասարակության պառակտումը, Արցախում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով կազմալուծումն ազդում է մարդկանց տրամադրության վրա։ Համախմբող մեծ դեր կարող է խաղալ եկեղեցին, Ամենայն հայոց կաթողիկոսը», - Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կոտենոկը։
Նրա խոսքով՝ հասարակության համար շատ կարևոր է ձերբազատվել ապակառուցողական և պարտվողական տրամադրություններից։ Բացի այդ, նա վստահ է, որ Հայաստանը պետք է վերաձևավորի Զինված ուժերը, վերազինի բանակը ժամանակակից մարտական տեխնիկայի նմուշներով:
Լրագրողը նշեց, որ որևէ «մայդան» օգուտ չի տա հայ ժողովրդին։
Ստեղծված իրավիճակը հնարավոր է հաղթահարել նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների խորացման միջոցով։ Կոտենոկը հիշեցրեց հայտնի խոսքը` ընկերոջդ փորձանքի ժամանակ ես ճանաչում, և ավելացրեց` հենց Ռուսաստանը խաղաղապահ զորակազմ մտցրեց՝ կանգնեցնելով սարսափելի սցենարի զարգացումը, որի առջև կանգնած էր Հայաստանը։ Նա կարծում է, որ Հայաստանը կարող է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցությունը խորացնել նոր դաշնակցային պայմանագրի միջոցով։
«Ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, միջազգային հանրությունը միայն հանդիմանում է, սաստում, բաց իրական օգնություն միայն Ռուսաստանը կարող է ցուցաբերել»,-ասաց Կոտենոկը։
Ռազմական թղթակիցը կարծում է, որ Ռուսաստանի հնարավորություններն անսահմանափակ չեն, երկիրը կապված է որոշակի հանգամանքներով: Սակայն հենց Ռուսաստանը կարողացավ հսկայական խաղաղապահ օգնություն և աջակցություն ցուցաբերել Արցախի հայ բնակչությանը, որը կանգնած էր նոր ցեղասպանության վտանգի առջև։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են