Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր. ջահերով երթ՝ Երևանում

Բազմության առջևից տանում են խաչ և հայոց եռագույնը, քայլում են նաև եկեղեցականները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակն այսօր բազմամարդ է. հազարավոր մարդիկ հավաքվել են արցախյան այս պատերազմում ընկած հերոսների հիշատակը ոգեկոչելու։ Րոպեներ առաջ հրապարակից մեկնարկեց ընդդիմության նախաձեռնած ջահերով երթը դեպի «Եռաբլուր» պանթեոն։

Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր. ջահերով երթ՝ Երևանում

Երթի մեծ թվով մասնակիցները քայլում են մոմերը ձեռքին՝ լուռ, առանց վանկարկումների ու կոչերի։ Հերոսների խնկարկման երեկոն է։

Բազմահազարանոց բազմությունը քայլում է Բագրատունյաց պողոտայով. առջևից տանում են մեծ փայտե խաչ, որի աջ և ձախ կողմերում էլ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պետական դրոշներն են՝ հայոց եռագույնը։ Մոմերը ձեռքներին քայլում են նաև հայոց եկեղեցու սպասավորները։ Ոստիկանները, շղթա կազմած, հսկում են երթի մասնակիցների անվտանգությունը։ Փողոցը լուռ է...

Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր. ջահերով երթ՝ Երևանում

Երթի ընթացքում բարձրախոսներից հնչում են հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների անունները։

Մոտ մեկ ժամ անց քայլերթի մասնակիցները հասան Եռաբլուր, և Հայ առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորները զինվորական պանթեոնում խնկարկման, հերոսների հիշատակի ոգեկոչման արարողություն անցկացրեցին։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Առայսօր պաշտոնական տվյալներ չկան հայկական կողմի զոհերի, վիրավորների, անհետ կորածների ու գերիների թվերի վերաբերյալ։