ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի – Sputnik. Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը Արցախի վերաբերյալ բանաձև է ընդունել։ Բանաձևը «դատապարտում է Ադրբեջանի կողմից 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների վերսկսումը» և կոչ անում Բելգիայի կառավարությանը մի շարք միջոցներ ձեռնարկել՝ ուղղված պատերազմից տուժած բնակչությանը փրկելուն, պատասխանատվության ենթարկել պատերազմական հանցագործությունների մեղավորներին, պահպանել հրադադարը և բանակցություններ վարել Լեռնային Ղարաբաղի սահմաններն ու նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը հարգող խաղաղ համաձայնագրի շուրջ։
Խորհրդարանը նշում է նաև Թուրքիայի դերն այս պատերազմում և խնդրում է նրան «դադարեցնել ռազմական միջամտությունը» և «տարածաշրջանի ապակայունացումը»։
Գրեթե միաձայն հավանության արժանացած բանաձևի պատրաստման վրա աշխատել են խորհրդարանականներ մի քանի կուսակցություններից: Պատգամավոր Պիտեր դե Ռուվերը ելույթ է ունեցել լիագումար նիստում, մասնավորապես, ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու կոչ անող մեկ այլ բանաձևի: Տեքստը մերժվել է, սակայն ԼՂՀ անկախության ճանաչման գաղափարը պաշտպանել են բազմաթիվ գործընկերներ։
Իսկական աղետ. Էրդողանի արձագանքը` ԼՂ-ի վերաբերյալ Ֆրանսիայի խորհրդարանի ընդունած բանաձևին
Բելգիայի հայերի կոմիտեն ողջունում է այն փաստը, որ խորհրդարանն այս հարցում հստակ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել և շնորհակալություն է հայտնում բոլոր խորհրդարանականներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել այդ գործում: Կոմիտեն կոչ է անում կառավարությանը՝ անհապաղ գործել խորհրդարանի խորհուրդներին համապատասխան: Այն հատկապես ընդգծում է տարածաշրջանում հումանիտար օգնության և բելգիական ներկայության հրատապությունը։
Բելգիայի հայերի կոմիտեն Բելգիայի հայ համայնքի գործադիր մարմինն ու պաշտոնական ներկայացուցիչն է: Համայնքի ինստիտուտները հիմնադրվել են 1922 թվականին։ Երկրում հայերի թիվը գնահատվում է ավելի քան 30 000 մարդ։
ԼՂ–ին առնչվող բանաձևի ընդունումը խորհրդանշում է Ֆրանսիայի վճռական բողոքի ձայնը. Նաղդալյան