ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ կառավարության կառուցվածքի փոփոխության մասին: Տեղեկությունը հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նախագահի նոր հրամանագրով՝ գյուղատնտեսության նախարարությունը միավորվել է Էկոնոմիկայի նախարարության հետ։
Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարությունը լուծարվել է, սպորտի ոլորտի համակարգումն էլ ավելացել է Կրթության, գիտության և մշակույթի նախարարության գործառույթներին։
Հրամանագրի համաձայն՝ սահմանվել է ԱՀ կառավարության հետևյալ կառուցվածքը.
1) պետական նախարար,
2) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն,
3) առողջապահության նախարարություն,
4) արդարադատության նախարարություն,
5) արտաքին գործերի նախարարություն,
6) էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն,
7) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն,
8) պաշտպանության նախարարություն,
9) տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն,
10) քաղաքաշինության նախարարություն,
11) ֆինանսների նախարարություն:
Նշենք, որ պետնախարարի լիազորություններն այսուհետև իրականացնելու է ֆինանսների նախարարը։
Արայիկ Հարությունյանի հրամանագրով հանրապետության պետական կառավարման այլ մարմինների նոր կառուցվածքը սահմանվել է հետևյալ կերպ.
1) ազգային անվտանգության ծառայություն,
2) արտակարգ իրավիճակների պետական ծառայություն,
3) կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտե,
4) ոստիկանություն,
5) պետական եկամուտների կոմիտե:
Արցախի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է ընդունել հրամանագրից բխող համապատասխան որոշումներ։