ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik. Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook–ի իր էջում հերքել է ԶԼՄ–ում տարածված տեղեկություններն այն մասին, որ Ստեփանակերտում 12 հազար 24 ադրբեջացնի կբնակեցվի։
«Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար», – գրել է Պողոսյանը։
Ավելի վաղ նման տեղեկություն էր հրապարակել «Վեստնիկ Կավկազա» ադրբեջանամետ կայքը` հղում անելով Ադրբեջանի Վիճակագրության կոմիտեի վրա։
«Ադրբեջանի 12,024 քաղաքացի կվերադառնա Խանքենդի, այս ցուցանիշը հրապարակել է Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեն: Կոմիտեն հաշվարկել է Խանքենդիում ծնված և 1991-ին քաղաքը լքածների քանակը», – գրված է կայքում։
Պողոսյանը նաև հորդորել է հայկական մեդիայի պատասխանատուներին` հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց` նշելով, որ «Վեստնիկ Կավկազա» կայքի գործունեության առանցքում Ադրբեջանի քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելն է։