Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները

«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ընկերության ֆինանսական դրությունը, նաև մեկնաբանել, թե ինչու է առաջարկում բարձրացնել փոստային առաքումների սակագները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի - Sputnik, Նելլի Դանիելյան. «Հայփոստ»–ի 850 բաժանմունքներից 450 տարվա ընթացքում գրեթե նամակ չեն ստանում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։ 

«ՀՀ քաղաքացիները, ցավոք, այլևս իրար նամակ կամ բացիկ չեն ուղարկում։ Այդ ծառայությունից 90 տոկոսով օգտվում են պետական մարմիններն ու խոշոր բիզնեսը»,– ասաց Կարապետյանը։

Զգուշացում. «Հայփոստի» անվան տակ փորձ է արվում քաղաքացիներից գումար շորթել

Արդյունքում «Հայփոստի» վնասները տարեցտարի աճում են։ Ընդ որում, վնասները տարեցտարի աճում են. եթե 2019թ–ին ընկերությունը 250 մլն դրամի վնաս է կրել, ապա 2020թ–ին արդեն շուրջ 1 մլրդ դրամի կորուստ է կանխատեսվում։

«Պատճառները մի քանիսն եմ։ Առաջինն այն է, որ Covid-ի հետևանքով համաշխարհային փոստային փոխանցումներն անկում են ապրել, հատկապես` Չինաստանից Հայաստան փոստային առաքումները, որի հետևանքով ունենք շուրջ 1 մլն դոլարի կորուստ։

Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները

Երկրորդ պատճառը` 2020թ–ին նվազագույն աշխատավարձի բարձրացումն է, քանի որ մեր աշխատողների 50 տոկոսն ստանում է նվազագույն աշխատավարձ»,– ասաց Կարապետյանը։

Կորոնավիրուսը նաև ալկոգելի, պաշտպանիչ այլ միջոցների, նույնիսկ տրանսպորտայի լրացուցիչ ծախսերի է հանգեցրել։

«Երբ ամբողջ Հայաստանը տանն էր նստած, «Հայփոստը» միակ կազմակերպությունն էր, որ աշխատել է։ Փոստատարները անձամբ են տարել բոլոր կենսաթոշակներն ու սոցվճարները դռնեդուռ։ Դա բերել է տաքսիների հավելյալ ծախսերի, որոնք ոչ մի կերպ չեն փոխհատուցվել»,– ասաց նա։

Ծանրոցների սակագները կնվազեն. ՀՀ և ՌԴ փոստային օպերատորները պայմանավորվել են

Ստեղծված ֆինանսական իրավիճակից դուրս գալու համար «Հայփոստը» սակագների վերանայման դիմում է ներկայացրել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Առաջարկվող նոր սակագները վերաբերում են հիմանականում ներհայաստանյան փոստային ծառայություններին ու գլխավորապես նամակներին։

Այսպես, օրինակ, մինչև 20 գրամ քաշով նամակի կամ բացիկի առաքումը գործող 70 դրամից առաջարկվում է դարձնել 340 դրամ, 20-100 գրամանոց նամակների գինը 120 դրամից` 350։

Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները

«Հայփոստի» տնօրենը վստահ է, որ այս գնային տարբերություններից ՀՀ շարքային քաղաքացիները չեն տուժի, քանի որ Հայաստանի ներսում նամակ ուղարկելու ավանդույթը վերացել է։ Իսկ պետական մարմինների ու գործարարների համար այս թանկացումը էական նշանակություն չի ունենա։ Փոխարենը այս վերանայումները, նրա խոսքով, բավարար կլինեն շտկելու ստեղծված իրավիճակը։

Առաջնագծի համար ԱՄՆ-ում հավաքված 23 տոննա բեռի մի մասն արդեն ՀՀ–ում է․ «Հայփոստի» խոստումը

Հայկ Կարապետյանը նշում է, որ առաջարկվող սակագները կազմվել են շուկայի ուսումնասիրության արդյունքում։ Նրա համոզմամբ, դրանք բավական մրցակցային են, ինչը հույս է ներշնչում, որ ՀԾԿՀ–ը չի մերժի իրենց դիմումը։

«Առաջարկվող սակագները բավարար են իրավիճակը նորմալացնելու համար։ 2021թ–ին մենք նպատակ ենք դնում դառնալ ոչ վնասով աշխատող կազմակերպություն»,– ասաց Կարապետյանը։

Ի դեպ, նամակների առաքման ծառայությունները թանկացնելուն զուգահեռ, ծանրոցների ու փաթեթների առաքման գները ընկերությունը նույնիսկ նվազեցնում է` փորձելով դրանով խթանել փոստային առաքմամբ աշխատող փոքր ու միջին բիզնեսը։

Այսպես`մինչև 2 կգ–անոց փաթեթները Երևանից մինչև Մեղրի հասցնելը կարժենա 900 դրամ, իսկ մինչև 0.5 կգ–անոցը`440 դրամ։

Մարդիկ նամակ չեն գրում. ինչո՞ւ է «Հայփոստը» բարձրացնում ծառայությունների սակագները

Հատկանշական է, որ «Հայփոստն» այսօր աշխատում է 2001թ–ին հաստատված սակագներով։ Դրանք շուրջ 20 տարի չեն վերանայվել, չնայած այդ ընթացքում բարձրացել է ամեն ինչի գինը` գազի, էլեկտրաէներգիայի, աճել են աշխատավարձերը։

« «Հայփոստ» ընկերության փոստատարը, որը 2001թ–ին ստացել է 13 500 դրամ աշխատավարձ, հիմա ստանում է 68 000 դրամ, 5 անգամ նրա աշխատավարձը բարձրացել է։ Հավաքարարը ստացել է այն ժամանակ 7000 դրամ, հիմա 68 000 դրամ է ստանում։ Բայց նամակի գինը ինչպես եղել է 70 դրամ, այնպես էլ մնացել է։ Այսինքն`փոխվել է գրեթե ամեն ինչ։ Մենք նայել ենք վիճակագրական տվյալները, և տեսնում ենք, որ 4 անգամ ավելացել է նվազագույն սպառողական զամբյուղը, կոմունալ վճարները։ Միակ ծառայությունը, որը չի թանկացել, փոստային ծառայությունն է»,– ասաց Կարապետյանը։

Արտասահմանյան առաքումների պարագայում ևս ընկերությունն աշխատում է 60-120 տոկոս վնասով։ Օրինակ` ՀՀ–ից ԱՄՆ 1 կգ բեռ ուղարկելիս «Հայփոստը» առնվազն 10 դոլար է կորցնում։ Այսինքն` որքան շատ պատվերներ ունենա, այնքան ավելի մեծ վնասներ է կրելու։ Բայց սա արդեն ոչ թե հայաստանյան կարգավորող մարմնի վերանայման, այլ միջազգային գործընկերների հետ բանակցությունների առարկա է։

«Հայփոստի» ծախսերի 75 տոկոսն այսօր գնում է ընկերության 3000 աշխատողների աշխատավարձերի վճարմանն ու 850 բաժանմունքների պահպանմանը։

«Ամենաէֆեկտիվ տարբերակը կլիներ փակել մեր 850 բաժանմունքներից 450–ը, որոնք ունեն 0 շահույթ, կրճատել 1000-1500 աշխատատեղ։ Այդտեղից մենք կխնայենք 1-1.5 միլիարդ դրամ գումար։ Բայց մենք որոշել ենք գնալ այլ ճանապարհով։ Մենք ուզում ենք ինքներս աշխատենք, ստանանք համապատասխան գումար մեր ծառայությունների դիմաց ու փորձենք կառուցել մեր երազած փոստը»,– ասաց Կարապետյանը։

Փորձել են փոստով թմրամիջոցներ ներմուծել․ ՊԵԿ-ը մաքսանենգության մոտ 200 դեպք է հայտնաբերել

Իսկ երազանքն այս պահին շատ հեռու է իրականությունից։ 850 բաժանմունքից 600–ը չունի օպտիկական ինտերնետ, աշխատում է բջջային կապով, որը հաճախակի խափանվում է։ Փոստային առաքումների սակագինը որոշվում է առաքանիի քաշով, իսկ շատ բաժանմունքներում նույնիսկ հասարակ կշեռքներ չկան։

Հայաստանի փոստային ծառայությունն իր որակով տարածաշրջանի վարկանշային աղյուսակի ստորին հորիզոնականներում է` 67-րդը, որից ներքև միայն Տանզանիան ու Պակիստանն են։

Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է։ 2006 թ.–ին «ՀայՓոստը» հանձնվել է հավատարմագրային կառավարման։

«Հայփոստ» ՓԲԸ-ն ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որի բաժնետերն ու միակ սեփականատերը Հայաստանի Հանրապետությունն է։