Հայաստանյան դատարաններում արդարություն գտնելու հույսը կորցրած՝ դիմում ենք «եվրոպաներին»

Եկեք անկեղծ լինենք: Երևի բոլորիս կյանքում էլ եղել են շատ կոնկրետ պահեր, երբ հայտնվել ենք վիճահարույց իրավաճակում ու ինքներս մեզ հարց ենք տվել՝ «Լավ, չկա՞ արդյոք բարձրյալ, գերագույն արդարություն»: 
Sputnik
Հայաստանյան դատարաններում արդարություն գտնելու հույսը կորցրած՝ դիմում ենք «եվրոպաներին»

Ու բոլորս էլ շատ լավ գիտենք, որ այդ գերագույն արդարությունը Հայաստանում ի վերջո ներկայանում է շատ կոնկրետ մարմնի, ասենք՝ Վճռաբեկ դատարանի դատավորի տեսքով: Չգիտեմ, իմ կարծիքով, այնուամենայնիվ շատ քիչ մարդիկ կան աշխարհում, որոնք բավարարվում են նույնիսկ գերագույն ատյանի որոշումով, եթե համոզված են, որ այդ ատյանը իրենց նկատմամբ անարդար վճիռ է կայացրել:

«Սանիթեքը» միջազգային դատարանում Հայաստանի կառավարությունից միլիոնավոր դոլարներ կպահանջի

​Սեփական փորձից եմ ասում սա, որովհետև մի ժամանակ թարգմանիչ էի աշխատում, և այն շենքից, որտեղ հիմա խորհրդարանական նիստեր են անում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները, չորս տարին մեկ ինձ կանչում էին թարգմանելու՝ այն ժամանակ Բաղրամյանի պողոտայի այդ շենքում գտնվում էր Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեն: Իսկ 4 տարին մեկ ինչու էին կանչում, որովհետև 4 տարին մեկ Մոսկվայում տեղի էր ունենում Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության հերթական համագումարը, և շարքային կոմունիստները, որոնք ինչ-որ կուսակցական տույժի էին ենթարկվել, իրավունք ունեին դիմելու անմիջականորեն համագումարին՝ հայցելով բարձրագույն արդարություն: Եվ ես նրանց հայերեն դիմումները ռուսերեն էի թարգմանում՝ Մոսկվա ուղարկելու համար:

Չլինելով ռազմական գործիչ` Մանուկյանը լավ հասկանում էր պատերազմական իրադրությունը. Դուլյան

Հիմա կարող է զավեշտալի թվալ, բայց անկեղծ խոստովանեմ՝ կային նույնիսկ դիմումներ, որոնք ուղղված էին, չեք հավատա, Կարմիր հրապարակում գտնվող Լենինի դամբարանին: Այսինքն՝ մարդը, լրիվ հույսը կորցրած, Լենինի դամբարանից էր արդարություն հայցում:

​Հիմա այսօրվա իրականությունը։ Այն օրվանից, երբ մենք դարձանք Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, հայաստանցիների վերջին հույսը Մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։ Հենց այս օրերին՝ դեկտեմբերի կեսերին նշվում է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ ինստիտուտի գործունեության տարեդարձը։

Շատ կոնկրետ թվեր բերեմ, որոնք միգուցե նաև հնացած են, բայց, այնուամենայնիվ, արտահայտում են իրականությունը։ Անցած տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացրել ավելի քան 15 միլիոն եվրոյի հայցեր: Կրկնեմ՝ 15 միլիոն եվրոյի։ Բավարարվել է ընդամենը մեկ միլիոնը: Համաձայնեք՝ Հայաստանի բոլոր իշխանությունների ֆինանսական հաղթանակը իրենց քաղաքացիների նկատմամբ իրոք տպավորիչ է:

Ի՞նչ ազդեցություն ունի Փաշինյանը դատարանների վրա. Վարդևանյանը՝ աղմկոտ հանդիպման մասին

​Գիտեմ, հիմա կասեք՝ բայց այդ մեկ միլիոն եվրոն էլ քիչ չէ, և մենք, Հայաստանի քաղաքացիներս, մեր գրպանից ենք մուծել: Միշտ նման հարցադրման դեպքում ասել եմ՝ ինչպե՞ս եք մուծել, ձեր աշխատավարձից պահե՞լ են ինչ-որ գումար: Սա լուրջ հարց է՝ իհարկե, ոչ ձեր, ոչ էլ իմ աշխատավարձը չի նվազել հայաստանյան երեք դատական ատյանների անարդար որոշումներից, որոնց արդյունքում մարդը ստիպված է եղել դիմել Ստրասբուրգ, բայց չէ որ այդ մեկ միլիոն եվրոյով կարելի էր խմելու ջրով ապահովել սահմանամերձ շրջանների առնվազն մի 4-5 գյուղ: Էլ չեմ ասում՝ զենք գնել։

Հարցն այլ է՝ դատավորի պատասխանատվությունը: Պարզապես ուզում եմ մեջբերել «Պետական կարիքների զոհեր» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Բաղդասարյանի հետ տարիներ առաջ մեր լրատվամիջոցներից մեկի անցկացրած հարցազրույցից մի փոքր հատված. «Եթե ժամանակին մեր դատարանները արդարացի որոշումներ կայացնեին, եթե հանցագործությունները կանխվեին, բյուջեից հսկայական գումարներ դուրս չէին գա փոխհատուցման համար»։ Չափազանց դժվար է չհամաձանել այս մարդու հետ, որն, ի դեպ, ինքն էլ է տուժել նման ապօրինություններից:Բայց խնդիրն այլ է։

25 տարի առանց պատերազմի. ուսանելի՞ է արդյոք Հարավսլավիայի օրինակը

Մի պահ պատկերացրեք այն հայաստանցի դատավորին, որը կայացրել է Եվրադատարանում վիճարկված և ապօրինի ճանաչված իր վճիռը: Ասեք խնդրեմ՝ ինչպես եք պատկերացնում այդ դատավորին՝ երևի գլխիկոր, ապաշխարող, հասարակության կարծիքից ամաչող… Իրոք այդքա՞ն միամիտ եք… Կներեք, թքած ունի ինքը հասարակության կարծիքի վրա: Ու սա երևի մեր հայաստանյան իրականության մեծագույն ողբերգությունն է: