Հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել Հին Շենը

Ադրբեջանական ուժերը փորձել են հայկական կողմի նկատմամբ ճնշում գործադրել` Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն տանող ճանապարհի վրա հենակետ դնելով: Ռուսական խաղաղապահ զորակազմի միջամտության արդյունքում հաջողվել է ճանապարհից հեռացնել ադրբեջանական հենակետը և ապաշրջափակել գյուղը։
Sputnik

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Հին Շենի մասին, որտեղ այս պահին գտնվում են ինչպես ՊԲ-ի ներկայացուցիչները, այնպես էլ ռուս խաղաղապահները:

Նրանք են ապահովում համայնքի բնակիչների անվտանգությունն ու նրանց անարգել անցուդարձը։

Հիշեցնենք` Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ադրբեջանցիները դեկտեմբերի 13-ից կանգնել են Մեծ Շենից Հին Շեն գյուղ տանող միակ ճանապարհին՝ հայտարարելով, որ այդտեղ կանգնելու հրաման ունեն։ Երկու գյուղերն էլ գտնվում են Արցախի հսկողության տակ։ Այդ ընթացքում Արցախի զինված ուժերը տեղում լրացուցիչ ուժեր են կուտակել` իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։