Շիրակի մարզի վրդովված բնակիչները փակել են Գյումրի-Բավրա ճանապարհը. տեսանյութ

Գերեվարվել են հիմնականում Հոռոմ, Լանջիկ և Ազատան գյուղերի բնակիչները։ Ազատանի գյուղապետը Երևան կգա տեղի իշխանությունների հետ հարցը պարզելու համար ։
Sputnik

Շիրակի բնակիչները փակել են դեպի հայ-վրացական սահման տանող Գյումրի-Բավրա ճանապարհը։

Բնակիչներն արդեն փակել են Քեթիի ու Ազատանի ճանապարհները և փորձում են փակել Գյումրի–Երևան ավտոճանապարհի` Լանջիկ գյուղի հատվածը։

«Մեր տղերքի մասին մոռացել են, չորս օր նրանք եղել են շրջափակման մեջ», – Sputnik Արմենիային ասաց շիրակցի Կարապետ Պողոսյանը, որի տեղեկություններով`  Հադրութի Խծաբերդ գյուղից 150 շիրակցի է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։

Գերեվարվել են հիմնականում Հոռոմ, Լանջիկ և Ազատան գյուղերի բնակիչները։

Հիշեցնենք` ԱՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունն այսօր հայտնեց, որ երեկ երեկոյան դեռևս անհայտ պայմաններում կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։ Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում` հայ զինվորականների գերեվարման հավանականությունը պարզելու, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար։

Գերիների հարազատները չլսեցին Շիրակի մարզպետին. Գյումրիում և գյուղերում բողոքի ակցիաներ են

Հիշեցնենք` մամուլում տեղեկություններ կային, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի տարածքում մարտերը վերսկսվել են:

Այս գյուղերում դեկտեմբերի 11-ին և 12-ին արդեն իսկ մարտական բախումներ էին տեղի ունեցել, որոնք դեկտեմբերի 13-ին հանգուցալուծվել էին ռուս խաղաղապահների միջամտությամբ ու տվյալ տարածքում վերահսկողություն սահմանելով։

Գյուղերը ներկա պահին դարձյալ վերադարձվել են ադրբեջանական կողմին ու գտնվում են Ադրբեջանի ԶՈւ–ի վերահսկողության տակ։

Նշենք, որ համացանցում տարածվել է նորացված քարտեզ, որում Խծաբերդն ու Հին Թաղերը ներկայացված են որպես ադրբեջանական վերահսկողության տարածք։ Այս մասին է վկայում նաև ՌԴ ՊՆ հրապարակած նոր քարտեզը։