ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Արցախում ռուս խաղաղապահներն ընկել են շրջափակման մեջ։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ՌԴ ՊՆ–ից հայտարարել են. «ԼՂ հակամարտության կողմերից մեկի տեղեկատվությունը Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ենթադրյալ շրջապատման մասին, չի համապատասխանում իրականությանը: Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի բոլոր ստորաբաժանումները առաջադրանքները կատարում են կանոնավոր ռեժիմով ինչպես դիտակետերում, այնպես էլ հրադադարի ռեժիմի պահպանման դիտարկման ժամանակ»:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը տված հարցազրույցում ասել էր, որ ոչ միայն հայ զինծառայողները, այլև ռուս խաղաղապահներ են ընկել ադրբեջանական շրջափակման մեջ:
ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի տվյալներով՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մոտակայքում ադրբեջանցիները գերեվարվել են մի քանի տասնյակ հայ զինծառայողների: Ավելի քան 30 հայ կամավորներ, ովքեր շրջապատված են եղել Ադրբեջանի զինված ուժերի կողմից, կարողացել են դուրս գալ շրջափակումից:
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են