Մահացել է Նիկոլ Փաշինյանի հայրը

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը չի հաստատում լուրը, բայց վստահեցնում է` եթե նման բան լինի, ինքն այդ մասին պաշտոնապես կտեղեկացնի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Sputnik Արմենիայի տեղեկություններով` քիչ առաջ Երևանի «Նաիրի» ԲԿ–ում մահացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը` 80-ամյա Վովա Փաշինյանը։

Հիվանդանոցի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին չհերքեց մեր տեղեկությունները, բայց և չցանկացավ հաստատել։

Վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ եթե նման բան լինի, ինքն այդ մասին պաշտոնապես կտեղեկացնի։

Նշենք, որ Փաշինյանի հայրն ավելի քան մեկ շաբաթ գտնվում էր հիվանդանոցում. տարիներ առաջ նրա մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։

Վովա Փաշինյանը կնոջ հետ բնակվում էր Իջևանում։ Նա ծնվել է Ջարխեչ գյուղում։ Աշխատել է Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։

Վովա Փաշինյանի ներկայիս կինը`Երջանիկ Չիբուխչյանը, Նիկոլ Փաշինյանի հարազատ մայրը չէ։ Ապագա վարչապետը 12 տարեկան է եղել, երբ մայրը մահացել է հիվանդությունից։

Վովա Փաշինյանն ամուսնացել է երկրորդ անգամ։ Առաջին ամուսնությունից ծնված երեք որդիներին, այդ թվում` Նիկոլ Փաշինյանին մեծացրել է խորթ մայրը։

«Փաշինյան, հյուր ունենք», կամ այց վարչապետի ծնողներին