Խնածախցիների արոտավայրերն անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ. տեսանյութ

Գյուղացիները հանդիպել են մարդու իրավունքների պաշտպանի հետ, ցույց տվել նրանց իրենց փաստաթղթերը և անշարժ գույքի վկայականները։
Sputnik

Սյունիքի մարզի Խնածախ համայնքի բնակիչների որոշ արոտավայրեր և մասնավոր տարածքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Այս իրավիճակն արձանագրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` այցելելով գյուղ։

Ոչ մի մարտ չի մղվում. Խծաբերդն ու Հին Թաղերը վերադարձվել են ադրբեջանական կողմին

«Համայնքապետը մեզ ընդունում, մեր հարցերը լսում է, հետո ասում է` գյուղը դատարկված է», – Թաթոյանի հետ զրույցում ասել է խնածախցիներից մեկը։

Գյուղացիները ցույց են տվել Արման Թաթոյանին իրենց փաստաթղթերը և անշարժ գույքի վկայականները։

«Գյուղում սահմանազատումների հետ կապված խնդիրներ կան, անորոշ վիճակ է, մարդիկ չգիտեն` իրենց արոտավայրերը և տարածքները իրենց տիրապետության տակ են, թե ոչ»,–ասել է Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է նաև Գորիսի համայնքապետարանի և տեղում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների հետ։

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

Թաթոյանն արձանագրել է, որ Սյունիքի գյուղերում սահմանազատումների հարցերով բացակայում է պետական կառավարման մարմինների անմիջական հաղորդակցությունը գյուղերի բնակիչների հետ։

Նշենք, որ Արցախի 44-օրյա պատերազմի հետևանքով նոր տարածքային և սահմանային իրավիճակ է ձևավորվել ոչ միայն Արցախում, այլև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին` Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։

Թշնամուն ոչ մի թիզ հող չենք տվել ու չունենք տալու. Խնձորեսկի համայնքապետ