Ռուսաստանի Զինված ուժերի Կենտրոնական ռազմական շրջանի երգի և պարի համույթի արտիստները ելույթ են ունեցել Լաչինի միջանցքում ծառայություն իրականացնող ռուս խաղաղապահների համար: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։
«Ներկայում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Ռուս խաղաղապահներն ապահովում են Լաչինի միջանցքով քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկության և բնակիչների տեղափոխման անվտանգությունը, պարենի և տարբեր ապրանքների փոխադրումը, ուղեկցում և ապահովում են վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք զբաղվում են ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման խնդիրներով»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են