Օրացույցից ջնջվող տոներ. դասագրքերում պատմությունը վերաշարադրելու կարի՞ք կա

Արցախյան պատերազմում Հայաստանի կրած պարտության պտուղները կամաց–կամաց է մեզ տրվելու։ Խարխլված մայիսյան եռատոնը և մյուս իրադարձություններն ինչպե՞ս պետք է մատուցել, արդյո՞ք գործը կհասնի դասագրքերում փոփոխություներ կատարելուն` Sputnik Արմենիան զրուցել է մասնագետների հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի,  Sputnik – Կարինե Հարությունյան. Արցախյան պատերազմի ու ստորագրված  եռակողմ, հայտարարության վերաբերյալ երեխաներին, դպրոցականներին պետք է ներկայացնել ճշմարտությունը, սակայն այստեղ  կարևոր հարց է` ինչպես մատուցել եղածը, որպեսզի զոհի հոգեվիճակ չձևավորվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանը։

Կարո ջան, չմտածես, կարևորը` ողջ ես. հայտնի լուսանկարի հերոսի պատմությունը

Պատերազմի ելքից հետո մի շարք հարցեր են առաջ եկել` ինչպե՞ս ներկայացնել երեխաներին իրավիճակը, մայիսյան եռատոնի` Շուշիի ազատագրման մասին դասին ինչպե՞ս մատուցել ներկա իրավիճակը, դեպքերի շրջադարձը և, առհասարակ, դասագրքերում արդյո՞ք փոփոխություններ պետք է արվեն։

«12 տարեկաններից մեծերին պետք է եղած դեպքերի մասին ճշմարտությունը բացատրենք։ Նրանք որքան շատ դետալներ իմանան իրականության մասին, ավելի հանգիստ կլինեն, իսկ որքան շղարշի մեջ պահենք և թաքցնենք իրականությունը, այնքան տագնապի աստիճանը կմեծանա։ Իսկ 12-ից բարձր տարիքում գտնվողներին արդեն կարող ենք որոշ բացատրություններ տալ քաղաքականության, աշխարհաքաղաքական իրավիճակների մասին»,–ասաց Գասպարյանը։

Իսկ ինչ վերաբերում է 16 տարեկաններից բարձրերին, ապա այս դեպքում էլ պետք է հնարավորինս մեծի պես վարվել նրանց հետ և պատմել իրականությունը, որքան էլ այն դաժան է։ Հակառակ դեպքում, ըստ Գասպարյանի, նրանց մոտ կարող է առաջանալ անտարբերություն ազգի նկատմամբ, տհաճ վերաբերմունք ամեն ազգայինի նկատմամբ։ Բացի այդ, կարող է նաև երկրից դուրս կյանքը դասավորելու ցանկություն առաջանա։

Բանակը չի պարտվել, պատերազմը դեռ ավարտված չէ. մարտերի միջով անցած բժիշկի պատմությունները

Մասնագետը նշում է` պատմությունը մատուցելիս շատ կարևոր է, որ նոր սերնդի մեջ ապագայի նկատմամբ հույսը չմարենք. ժամանակն է, որ այդ ապագայի մասին ոչ թե երազենք, այլ կերտենք այն։ Գասպարյանը վստահեցնում է` ընդհանուր բարեկեցությունը շատ մեծ նշանակություն ունի յուրաքանչյուրի կյանքի համար։

Ինչ վերաբերում է մայիսյան եռատոնին, ապա, ըստ Գասպարյանի, ուսուցիչը կարող է ներկայացնել, որ 26 տարի առաջ մենք էինք հաղթել, սակայն հիմա այնպես ստացվեց, որ կորցրինք այդ հողերը։ Սակայն դա չի նշանակում, որ հարցը փակվել է։

«Առհասարակ Արցախին չպետք է վերաբերվել որպես զոհված զինվորի` Արցախը վիրավոր է, անդամահատված, սակայն նա ողջ է ու շնչում է` պետք է ամեն ինչ անենք նրան վերականգնելու համար։ Մարդկության պատմության մեջ պարտությունը վերջ չէ և այնպես չէ, որ կործանման ենք գնում։ Մեր ներուժը պետք է դնենք կոնստրուկտիվ ապագա ստեղծելու մեջ, ոչ թե երազելու»,–ասաց Գասպարյանը։

Նա կարծում է, որ եթե անգամ անհնար է դասագրքերում փոփոխություններ կատարել ստեղծված իրավիճակը ներկայացնելու համար, ապա պետք է երեխաներին իրականությունը պատմել։

Քաղաքական գիտությունների դոկտոր, ռազմական պատմաբան Արմեն Այվազյանն էլ կարծում է, որ մեր օրերի պատմությունը պետք է ենթարկվի լուրջ վերլուծության հենց պատմագիտական, քաղաքագիտական և ռազմագիտական տեսանկյունից։ Անմիջապես տվյալ պահին արտահայտած կարծիքները միշտ չէ, որ կարող են հիմնավոր լինել։

Օրացույցից ջնջվող տոներ. դասագրքերում պատմությունը վերաշարադրելու կարի՞ք կա

«Գուցե նաև իրավական դաշտում գնահատականներ կտրվեն եղած դեպքերին։ Սակայն  հիմա ժամանակ է պետք, որպեսզի ճշմարտությունը ջրի երես դուրս գա։ 1920-ին Կարսի անկումից մինչ այսօր բանավեճերը շարունակվում են, թե ինչպես պատահեց, որ այն ընկավ»,–ասաց Այվազյանը։

Նա, սակայն, հայտնում է, որ պատմության դասագրքերի մեջ կան որոշ մանրամասներ, որոնք անպայմանորեն պետք է ներառել։ Մասնավորապես, թշնամու մոտալուտ հարձակման մասին կային տեղեկություններ, ինչի մասին հայտնել են պաշտոնական առաջին դեմքերը։ Իսկ նման տեղեկություններ ստանալուց հետո կանխարգելիչ կամ կանխահարձակ հարված պետք է հասցվեր. դա կարող էր շփոթություն մտցնել թշնամու շարքերում, բայց չի արվել։ Այսինքն` հայկական կողմը կանխահարձակ քայլեր չի ձեռնարկել։

Ինչ են պատմում Ստեփանակերտում վերաբացված թիվ 2 դպրոցի աշակերտները. տեսանյութ

Պետք է ներկայացվի նաև այն, որ պատերազմի ժամանակ Հայաստանում համընդհանուր զորահավաք չի կազմակերպվել, բանակն անհրաժեշտ մարդուժ չի ստացել, իսկ կամավորականներին և պահեստազորում գտնվողներին հաճախ անպատրաստ, անհրամանատար են ուղարկել առաջնագիծ։

Ռազմական պատմաբանի խոսքով` անհրաժեշտ է ասել նաև, որ Ստեփանակերտի ու Արցախի մյուս բնակավայրերի ռմբակոծությանը համարժեք պատասխան չի տրվել։

Կորոնավիրուսին հաղթեցի՞նք. այս իրավիճակում դպրոցները բացելը, ըստ փորձագետի, հիմնավոր չէ

Այվազյանը նշում է, որ այս խնդիրներն ապագայում պետք է մտցվեն դասագրքերի մեջ, որպեսզի հաջորդ անգամ չկրկնվի ամեն ինչ։ Բացի այդ, պատերազմի`  նման ելքի պատճառների մեջ պետք է նշենք ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոնները։

«Արտաքին գործոնները ներկայացնելիս պետք է նշել, որ Հայաստանը պատերազմում էր ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի և գրոհայինների դեմ։ Բացի այդ, պետք է ասել նաև, որ մենք չստացանք սպասվող աջակցությունը մեր դաշնակիցներից. Հայաստանը միայնակ մնաց այդ ուժերի դեմ»,–ասաց Այվազյանը։

Նա նշում է, որ այսօր շրջանառվող հիմնական երկու տեսակետներն արտահայտում են իշխանության և ընդդիմության կարծիքները։ Իշխանությունն ասում է, որ ստեղծված իրավիճակում մեղավորը նախկիններն էին, իսկ ընդդիմադիրներն ասում են, որ փաշինյանական ժամանակշրջանն է մեղավոր։ Այվազյանը կարծում է, որ երկուսն էլ սխալվում են` եղել են խոշոր պետականաշինական սխալներ, ինչպես նաև լրջագույն բացթողումներ և գուցե դավադրություններ Փաշինյանի ղեկավարության օրոք։