ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Մինչև Արցախյան 44-օրյա պատերազմը մոլորված և ադրբեջանցիների կողմից գերեվարված Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկի բնակիչ Նարեկ Սարդարյանը վերադարձվել է Հայաստան։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը։
«Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ Նարեկ Սարդարյանը, ով այս տարվա հուլիսին անզգուշորեն հատել էր Ադրբեջանի սահմանը, այսօր վերադարձվել է Հայաստանի Հանրապետություն», – գրել է Գևորգյանը։
Մանե Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ Նարեկ Սարդարյանը դեկտեմբերի 14-ին Հայաստան վերադարձած գերիների 44 հոգանոց խմբի մեջ չի եղել։
«Չենք կարող ասել` ինչպես է հանձնվել Հայաստանին, բայց գերիների առաջին խմբում չի եղել», – ասել է վարչապետի խոսնակը։
Հիշեցնենք՝ 30-ամյա Նարեկ Սարդարյանը 2020-ի հուլիսի 8-ին ֆերմայից դուրս էր եկել, գնացել արոտավայր և չէր վերադարձել։
Փաշինյանը հանդիպել է դեռևս Ադրբեջանում մնացած գերիների հարազատներին. խոսնակ
Հուլիսի 15-ին Ադրբեջանը տեսանյութ հրապարակեց, որտեղ Նարեկ Սարդարյանն իբր խնդրում է Ադրբեջանի քաղաքացիություն տալ իրեն կամ ուղարկել երրորդ երկիր։ Հուլիսի 19-ին Սարդարյանի կնոջ, ծնողների, քրոջ անունից Արտակ Զեյնալյանի ու Արայիկ Ղազարյանի միջոցով դիմում էր ներկայացվել ՄԻԵԴ: Դիմումատուները Մարդու իրավունքների եվրոպական դատարանից պահանջում էին Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառել Նարեկ Սարդարյանի ֆիզիկական և հոգեբանական անձեռնմխելիությունը ապահովելու համար:
Դեկտեմբերի 14-ին մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։