ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական կողմը Հայաստանին է հանձնել ոչ միայն Արցախի վերջին պատերազմում գերի ընկած զինծառայողներին ու քաղաքացիական անձանց, այլև նրանց, ովքեր գերության մեջ էին հայտնվել վերջին սրացումից տարիներ առաջ։
Բաց աղբյուրների և սոցցանցերում հրապարակված ցուցակի համաձայն՝ հայրենիք են վերադարձել հինգ զինծառայողներ և քաղաքացիական անձինք, որոնք ադրբեջանական գերության մեջ էին հայտնվել մինչև 2020թ–ի արցախյան պատերազմը:
Sputnik Արմենիան տեղեկություններ է ներկայացնում նրանց մասին։
Եվ այսպես, դեկտեմբերի 14-ի գիշերը ռուսական ինքնաթիռով Հայաստան են վերադարձել.
Բաղդասարյան Արսեն Էդուարդի` ծնվ․ 1994թ․ հունվարի 12-ին
Արցախի բնակիչ Արսեն Բաղդասարյանը գերի էր ընկել 2014թ.-ին։ Գերեվարումից մեկուկես ամիս հետո Ադրբեջանի իշխանությունները Արսենին մեղադրեցին դիվերսիայի համար` ներկայացնելով նրան որպես «դիվերսիոն խմբի անդամ»։ Արցախի ռազմական գերատեսչությունը հերքեց այդ մեղադրանքները` հայտնելով, որ պայմանագրային զինծառայող Բաղդասարյանը հաճախ էր ինքնակամ լքում զորամասը, ինչի պատճառով ժամանակավոր հեռացվել է ծառայությունից։ Արսեն Բաղդասարյանն Ադրբեջանում դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման։
Ղազարյան Կարեն Արմենի` ծնվ․ 1984թ․ ապրիլի 23-ին
Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանը Ադրբեջանի տարածքում էր հայտնվել 2018թ.-ի հունիսին։ Այն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց սահմանին ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձի կանխման և հայ զինծառայողի գերեվարման մասին։
Դեպքն իբր տեղի է ունեցել Ղազախի շրջանի ուղղությամբ։ Սակայն հայկական պաշտպանական գերատեսչությունը հերքեց տեղեկությունը` նշելով, որ Ղազարյանը զինծառայող չէ, այլ սահմանամերձ գյուղի խաղաղ բնակիչ, որը տառապում է հոգեկան խանգարմամբ։
2019-ի փետրվարին Ղազարյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ դիվերսիա կատարելու փորձի մեղադրանքով։
Ելնելով հրապարակված ցուցակից՝ կարելի է եզրակացնել, որ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել, որ Ղազարյանը ՀՀ ԶՈւ զինծառայող է։
Ղազարյան Արո (Արայիկ) Հայկի` ծնվ․ 2000թ․ հունվարի 1-ին
Արայիկ Ղազարյանի մասին հայտնի է, որ նա զինծառայող է, Վայոց Ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչ։ 2019թ․-ի օգոստոսի 12-ին` մոտավորապես 12։00-ի սահմանում, Ղազարյանը չպարզված հանգամանքներում լքել է մարտական դիրքը շփման գծի հարավարևելյան ուղղությամբ։
Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ները, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հայտնում էին, որ հայ զինծառայողը փախել է բանակից, հատել շփման գիծը և ձերբակալվել։
Սակայն հայտնի է, որ Ղազարյանը ծառայությունից չի խուսափել։ Ծառայությունից և բանակային առօրյայից չի դժգոհել, դրական է արտահայտվել իր զորամասի մասին։ Բանակից հետո նախատեսում էր համալսարան ընդունվել և դառնալ ծրագրավորող։
Ալավերդյան Գուրգեն Վլադիմիրի` ծնվ․ 1989թ․ օգոստոսի 14-ին
Պաշտոնական վարկածով՝ սպա Գուրգեն Ալավերդյանն Ադրբեջանում է գտնվում 2020 թ․-ի օգոստոսի 22-ից։ Նույն օրը` ժամը 19։30-ին, Ալավերդյանն ուղևորվել է մարտական հենակետ՝ ստուգումներ անցկացնելու նպատակով, սակայն եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մոլորվել է տեղանքում, ինչից հետո սկսվել են նրա որոնումները։
Ադրբեջանի ՊՆ-ն իր հերթին հայտարարեց, որ ադրբեջանական զինված ուժերը դիվերսանտ են գերի վերցրել, նրան մեղադրանք է առաջադրվել 5 հոդվածով: ՀՀ գլխավոր դատախազությունը շուտով հայտնեց, որ սպայի անհետացման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ անձի առևանգում):
Աբրահամյան Աբրիկ Պետրոսի` ծնվ․ 1940թ․ օգոստոսի 19-ին
Գերեվարված Աբրիկ Աբրահամյանի մասին փաստացի տեղեկություններ չկան։ Հայտնի չէ, թե երբ և ինչ հանգամանքներում է հայտնվել գերության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկեց գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակում Ադրբեջան վերադարձան 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։
44 հայ գերիների ժամանումը Երևան. տեսանյութ
Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։
Արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։
Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ