Հուսով եմ` Փաշինյանը հեռանալու համարձակություն կգտնի իր մեջ. Կարեն Կարապետյան

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ գործող իշխանությունը պետք է բարձր գիտակցություն դրսևորի։ Նա անդրադարձել է Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Հայաստանում ու Արցախում տիրող իրավիճակին։

Եթե Փաշինյանն արտահերթ ընտրությունններ կազմակերպի, աննախադեպ ջարդ կլինի. Վազգեն Մանուկյան

«ՀՀ–ն ու Արցախի Հանրապետությունը գտնվում են խորը ճգնաժամի մեջ՝ բարոյական, հոգեբանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, արժեքային: Կարծում եմ` այն կառավարությունը, ում կառավարման օրոք և արդյունքում առաջացել է այս ճգնաժամը, մնալով իշխանության՝ խիստ կսահմանափակի երկրի զարգացման հնարավորությունները, ազգի ներուժն ու կարողություններն օգտագործելու հավանականությունը: Հաշվի առնելով, մի կողմից Ադրբեջանի հետևողական ու ագրեսիվ քաղաքականությունը՝ ուղղված իր հաջողությունների ամրապնդմանը, մյուս կողմից էլ՝ ՀՀ–ին սպասող մարտահրավերները՝ այս ճգնաժամի յուրաքանչյուր օր շարունակվելը վնաս է մեզ և միայն մեզ»,– նշված է նրա հայտարարության մեջ:

Կարապետյանի խոսքով` այս օրհասական պահը ամենակարևոր փորձությունն է իշխանության համար  ցույց տալու՝ արդյոք իրենք ունակ են վեր կանգնել նեղ քաղաքական շահերից, դրսևորել բարձր գիտակցություն՝ երկրին տալով խաղաղվելու, քաղաքական ուժերին՝ իրենց անցած ուղին վերաիմաստավորելու ու ապագայի տեսլական ձևավորելու, ժողովրդին էլ՝ հանդարտ պայմաններում նոր իշխանություն ձևավորելու հնարավորություն:

«Հուսով եմ՝ վարչապետը իր մեջ կգտնի համարձակություն՝ կայացնել հեռանալու որոշում՝ ի շահ մեր երկրի ապագայի»,– եզրափակել է նախկին վարչապետը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։