Գերիների փոխանակման երկրորդ փուլի իրագործումն օրերի հարց է. իմքայլական պատգամավոր

Ադրբեջանից այս փուլում նույնպես կվերադառնան այն հայ գերիները, որոնց մասին ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի – Sputnik. Շատ մոտ ժամանակներում գերիների երկրորդ խումբը կվերադառնա հայրենիք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Շատ մոտ ժամկետում գերիների փոխանակման երկրորդ փուլն է նախատեսվում։ Կարող եմ ասել, որ դա օրերի հարց է։ Ադրբեջանից այս փուլում կվերադառնան այն հայ գերիները, որոնց մասին ադրբեջանական կողմը հաստատել է։ Բայց մենք ողջամիտ կասկածներ ունենք, որ Ադրբեջանում կարող են ավելի մեծ թվաքանակով հայ գերիներ լինեն »,–ասաց Բաղդասարյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 14-ին մեկնարկել է գերիների ու պատանդների փոխանակման գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ադրբեջան է վերադարձել 12, իսկ Հայաստան՝ 44 մարդ։ Նրանցից 14-ը քաղաքացիական, 30-ը՝ զինվորական անձինք են։

Կան վիրավորներ. 44 հայ գերիների վերադարձի լուսանկարները

Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխանակումը կատարել «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել է, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։

Նշենք, որ պաշտոնական տվյալներ չկան արցախյան պատերազմում հայկական կողմի անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին։

Դեռ առկա են անհետ կորած բազմաթիվ ռազմագերիներ ու տասնյակ քաղաքացիական անձինք. Արցախի ՄԻՊ