Արամ Խաչատրյանը չի բացառում, որ կարող է Լոռու մարզպետ նշանակվել

2018-ին նա պաշտոնավարել է որպես Լոռու փոխմարզպետ, ապա նույն մարզից պատգամավոր ընտրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 դեկտեմբերի - Sputnik. Օրերս Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած իմքայլական Արամ Խաչատրյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում չբացառեց, որ իրեն կարող են Լոռու մարզպետ նշանակել։

Գեղարքունիքի գյուղերն Ադրբեջանին չեն զիջվի. մարզպետը հերքում է տարածված լուրերը

«Ես մանդատս վայր եմ դրել, որ փոխադրվեմ գործադիր։ Բայց կոնկրետ որտեղ, չեմ կարող դեռ ասել, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այժմ քննարկումներ են գնում», – ասել է Խաչատրյանը։

Նրա խոսքով` մոտ օրերս պարզ կլինի, թե ինչ պաշտոնի կնշանակվի։ Նա հրաժարվեց պատասխանել` արդյոք արդեն նրան առաջարկվել է Լոռու մարզպետի աշխատանքը։

Հիշեցնենք, որ 2018-ի հոկտեմբերին Լոռու մարզպետի պաշտոնում նշանակված Անդրեյ Ղուկասյանն այսօր հայտարարեց իր հրաժարականի մասին։ ԶԼՄ–ներում տարածվեցին լուրեր, որ նրան այդ պաշտոնում փոխարինելու է օրերս Ազգային ժողովի պատգամավորի մանդատը վայր դրած Արամ Խաչատրյանը։ Նա 2018-ին Լոռու մարզպետի տեղակալ է աշխատել։

Հայտնի է` ով կփոխարինի Արարատի մարզպետին