«Մի կերպ յոլա ենք գնում»․ Մարտակերտում մոտ 100 ընտանիք ժամանակավոր տուն ունի

Մարդկանց օտար տներում տեղավորելն ընդամենը ժամանակավոր լուծում է, ջեռուցման և էլեկտրականության մատակարարման սուր խնդիր կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. Մարտակերտի շրջանի իշխանությունները կարողացել են քաղաքում և շրջանի գյուղերում մոտ 100 ընտանիք տեղավորել, Sputnik Արմենիային պատմեց շրջվարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը:

«Մենք մի շարք տներ ենք վարձակալել։ Մարդկանց մի մասին տեղավորել ենք այն տներում, որոնց սեփականատերերը, օրինակ, Հայաստանում են կամ Ռուսաստանում»,-ասաց Բախշինյանը։

Մարտակերտում և Մարտունիում շուրջ 200 վնասված տներ բնակելի կդառնան

Միաժամանակ ակտիվորեն շինարարական, վերականգնողական աշխատանքներ են ընթանում՝ տները վերանորոգելու և քաղաքացիներին տրամադրելու համար։ Իհարկե, ձմեռը հաշվի առնելով, դա շատ ավելի երկար է տևում։

Այս պահին հաջողվել է ավելի քան 100 ընտանիք տեղավորել (մոտ 400 մարդ), սակայն դա ժամանակավոր լուծում է։

«Ինչ-որ կերպ տեղավորել ենք, որոշ տեղերում պատուհաններին ապակիների փոխարեն պոլիէթիլեն է և այլն։ Բայց սա, իհարկե, բնակարանային խնդրի լուծում չէ»,-ասաց Բախշինյանը։

Դպրոցների և մանկապարտեզների շենքերն այդ նպատակներով չեն օգտագործվել․ երեխաները վերադարձել են Մարտակերտի շրջան, և թե՛ նախադպրոցական, թե՛ կրթական հաստատությունները ծառայում են իրենց ուղղակի նպատակին։

Տեղահանված գյուղացիներին առայժմ տեղավորում են Մարտակերտի մանկապարտեզում և դպրոցում

Բախշինյանի խոսքով՝ տեղավորվել են ոչ միայն Մարտակերտի,  այլև այլ (օրինակ՝ Հադրութի, Շուշիի, Բերձորի) շրջաների գյուղերի բնակիչները։

Հիմնական խնդիրը տների ջեռուցումն է։ Ոչ ոք չի հասցրել նախապատրաստվել ձմռանը, փայտն ու էլեկտրական տաքացուցիչները չեն բավականացնում։

«Բացի այդ, հիմա սուր է էլեկտրամատակարարման հարցը։ Հզորությունը չի հերիքում»,-ասաց Բախշինյանը։

Ինչո՞ւ տեղահանվեցին Մարտակերտի գյուղերի բնակիչները. Մարուքյանը հարց է ուղղել իշխանությանը

Նրա խոսքով՝ հարցի լուծումը տների կառուցումն ու վերանորոգումն է, որոնք իրենց ջեռուցման համակարգերը կունենան։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խոսել հարցի վերջնական լուծման մասին։

«Այսպես ասեմ՝ հիմա ուղղակի յոլա ենք գնում»,-նշեց Բախշինյանը։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ էլեկտրականությունը Մարտակերտի շրջանում մատակարարվում է օրական մի քանի ժամով։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մարտակերտի շրջանում մոտ երեք հազար մարդ բնակտարածքի կարիք ունի։

Ռազմական գործողությունների և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարության արդյունքում ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է անցել Մարտակերտի շրջանի 8 գյուղ:

Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։