Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի. Փաշինյան

ՀՀ վարչապետն ուղիղ եթերում անդրադարձավ դեկտեմբերի 13-ին Սյունիքի սահմանամերձ հատվածում տեղի ունեցած դեպքերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ուղիղ եթերում ժողովրդին ուղղված ուղերձում անդրադարձավ երեկ ուշ երեկոյան Սյունիքի մարզում տեղի ունեցած դեպքերին ու առկա լարվածությանը։

Վարչապետը հիշեցրեց, որ Սյունիքին սահմանակից Կուբաթլուի և Զանգելանի շրջանների մասին եռակողմ հայտարարության մեջ հիշատակում չի եղել, քանի որ այդ պահին դրանց ավելի քան 90 տոկոսը գտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«Եղել է պայմանավորվածություն, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, որն առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի»,– ասաց նա։

Փաշինյանն արձանագրեց, որ այս խնդրի լուծման մեջ հայկական կողմի համար կան զգայուն հարցեր, որոնց շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ։

Սպասում ենք մեր գերիների` պաշտոնապես հաստատված խմբի վերադարձին. Փաշինյան

«Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի` միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի։ Այսինքն` ՀՀ սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել»,– ասաց վարչապետը։

Նա շեշտեց, որ այսօր տեղի ունեցող, երբեմն նույնիսկ ցավոտ գործընթացները պետք է լուծել սառը դատողությամբ, մինչդեռ, նրա խոսքով, այդ գործընթացները ոմանք փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով։

Հիշեցնենք` երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե Սյունիքի մարզի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է տեղի ունեցել, թշնամին 10 ժամ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։ Նշվում էր նաև, որ թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։  Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքել էր այդ լուրերը։