Հայկական գյուղերի գրավմանը, որոշ տեղեկություններով, մասնակցել են թուրքեր. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի հրավերով ԱԽ հրատապ նիստին մասնակցել են նաև խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի - Sputnik. Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր հայկական գյուղերի վրա երեկ կատարված հարձակմանը, որոշ տեղեկությունների համաձայն, մասնակցել են նաև թուրքական հատուկ նշանակության ջոկատներ։

Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել. հրավեր է ստացել նաև ընդդիմությունը

Այսօր հրավիրված Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հարձակումը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ ռուսաստանյան խաղաղապահները դեռևս չէին հասցրել տեղակայվել տվյալ հատվածում։ Արդյունքում մենք ունենք առնվազն 6 վիրավոր, կան այլ տուժածներ, որոնց վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են»,– հայտնեց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ մարտերը դադարել են միայն այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահների մի փոքր ստորաբաժանում մոտեցել է մարտական գոտուն։ Բայց Հին Թաղերն ու Խծաբերդն անցել են Ադրբեջանի վերահսկողության ներքո։

«Այսօր առավոտից ռուս խաղաղապահներն ավելի մեծ ուժերով մուտք են գործել տվյալ հատված, և այս պահին այդ հատվածում իրավիճակը կայուն է։ Խաղաղապահների ներկայությունն այդտեղ որոշակի էսակալցիայից խուսափելու հույս է տալիս»,– ասաց Փաշինյանը` հավելելով, որ հայկական կողմի խնդիրն է այդ հատվածում իրավիճակը համապատասխանեցնել եռակողմ հայտարարության դրույթներին, այն է` հայտարարության ընդունման պահին զորքերը պետք է մնան շփման գծի երկայնքով՝ իրենց գրաված դիրքերի տեղում։

Վարչապետը շեշտեց, որ երկու գյուղերի տարածքը գտնվում է նախկին ԼՂԻՄ–ի մարզի սահմաններում, ու հենց այդ տրամաբանությունից է բխում, որ պետք է գտնվի հայկական ուժերի վերահսկողության ներքո, առավել ևս, որ նոյեմբերի 9-ի դրությամբ եղել են հայկական բանակի վերակսկողության ներքո։

Ռուս խաղաղապահները վերահսկողության տակ են վերցրել Արցախի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերը

ՀՀ վարչապետն արձանագեց, որ ադրբեջանական կողմը խախտել է եռակողմ պայմանավորվածությունը, ինչն արդեն իր հայտարարության մեջ արձանագրել է նաև ՀՀ ԱԳՆ–ն։ Իսկ թե ինչու Ադրբեջանի հարձակման պահին հայկական բնակավայրերի տարածքում դեռ տեղակայված չեն եղել խաղաղապահները, Նիկոլ Փաշինյանի խոսքով, առանձին քննության առարկա է։

Կուբաթլուի և Զանգելանի շրջանների հարցում էլ լարվածություն կարող է առաջանալ. Փաշինյան

Հավելենք, որ անվտանգության խորհրդի արտահերթ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը: