ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում 72կգ քաշային Մալխաս Ամոյանը 7։0 հաշվով պարտության մատնեց թուրք Չենգիզ Արսլանին և կպայքարի ոսկե մեդալի համար։
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը դուրս է եկել ԵՎՐՈ–2022-ի որակավորման խմբային փուլ
Ըմբիշը երեք գոտեմարտում հաղթելուց հետո վաստակեց ընդհանուր 22 միավոր` մրցակիցներին չտալով ոչ մեկը։ Ամոյանը շատ վստահ անցկացրեց նաև կիսաեզրափակիչը, որտեղ սկզբունքային գոտեմարտում ոչ մի շանս չտվեց թուրք Արսլանին։ 7։0 հաշվով հաղթանակը մեր ըմբիշի բացահայտ առավելության ապացույցն է։ Հիշեցնենք, որ 1/8 և քառորդ եզրափակիչներում Ամոյանը 6։0 և 12։0 հաշվով առավելության էր հասել համապատասխանաբար սերբ Ալեքսանդր Մաքսիմովիչի և ռումինացի Վալենտին Պետիկի նկատմամբ։ Վաղը եզրափակիչում Ամոյանը կգոտեմարտի հունգարացի Բալինտ Կոռպասիի հետ։
Մրցումների երեկոյան գոտեմարտերից հետո պարզ դարձավ, որ բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն են ստացել 55կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, 67կգ քաշային Սլավիկ Գալստյանը և 77 կգ քաշային Կարապետ Չալյանը։ Երեքն էլ սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն վաղը։
Մրցումային երկրորդ օրը՝ վաղը, գորգ դուրս կգա 60կգ քաշային Արմեն Մելիքյանը, որի մրցակիցը կլինի հնդիկ Գյանենդեր Գյանենդերը, 63կգ քաշային կարգում 2019 Եվրոպայի չեմպիոն Գևորգ Ղարիբյանը մրցաշարը կսկսի թուրք Աբդուրահման Ալթանի հետ գոտեմարտով, 82կգ քաշային կարգում Ռուբեն Ղարիբյանի առաջին մրցակիցը կլինի ռումինացի Գեորգե Մարիեան, 97կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանը ուժերը կչափի Մուսա Եվլոևի հետ, իսկ 130կգ քաշային կարգում Դավիթ Օվասապյանն առաջին գոտեմարտը կանցկացնի սերբ Բոբան Ժիվանովիչի հետ։
«Կփորձենք տհաճություններ պատճառել բոլոր հավաքականներին». Հենրիխ Մխիթարյան
Նշենք` Բելգրադում մեկնարկած մրցաշարը նախատեսվել էր որպես 2020թ–ի Ըմբշամարտի աշխարհի առաջնություն, սակայն COVID-ի հետ կապված հարցերի պատճառով մի շարք երկրներ (այդ թվում` ԱՄՆ–ն և Ճապոնիան) որոշեցին չմեկնել մրցումներին։ Այդ պատճառով մրցումը կկայանա որպես Աշխարհի անհատական գավաթ (Individual World Cup):