ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik.Արցախի Հանրապետության վերահսկողության տակ են մնացել 34 ՀԷԿ-երից 6-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց արցախյան կառավարության մեր աղբյուրը։
Հինգը փոքր ՀԷԿ-եր են, մեկը` խոշոր՝ Թարթառ գետի վրա կառուցված Սարսանգի ջրամբարի մոտ։
Հակառակորդի վերահսկողության տակ մնացած տարածքներում գտնվող էլեկտրակայաններից հասցրել են դուրս բերել տուրբիններն ու այլ սարքավորումները։ Ի դեպ, այդ ՀԷԿ-երը ոչ թե խորհրդային ժամանակաշրջանից են մնացել, այլ տարբեր ժամանակներում կառուցել է հայկական կողմը (հիմնականում փոքր հզորության կայաններ)։
Նախկինում Արցախը գրեթե ամբողջությամբ բավարարում էր էլեկտրաէներգիայի իր կարիքները։ Հայաստանի Հանրապետության հետ իրականացվում էր էլեկտրաէներգիայի փոխանակում։ Ընդ որում` եղել են տարիներ, երբ Արցախն ավելի շատ էլեկտրաէներգիա է մատակարարել ՀՀ, քան ստացել։
Այժմ ՀՀ-ն կավելացնի Արցախի էլեկտրամատակարարումը Գորիսից գնացող էլեկտրահաղորդման գծով։ Հուսալիության ապահովմանը կօգնի Հրազդան-Շինուհայր ավելի հզոր՝ 220 կիլովոլտանոց էլեկտրահաղորդման գիծը, որը երկու տարի առաջ կառուցվել է Հայաստանի կենտրոնական և հարավային շրջանների միջև: