Ադրբեջանը հարձակողական գործողություններ է սկսել Արցախի 2 բնակավայրի ուղղությամբ

Պաշտպանության բանակը համապատասխան միջոցառումներ է ձեռնարկում հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական զինված ուժերը հարձակվել են արցախյան 2 բնակավայրի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՀՀ պաշտպանական գերատեսչությունը վստահեցնում է, որ ՊԲ ստորաբաժանումները համարժեք միջոցառումներ են ձեռնարկում հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար:

Ադրբեջանի կողմից Արցախի հարավային հատվածի գրավումից հետո Հադրութի շրջանի այս երկու գյուղերը մնացել են հայկական կողմի վերահսկողության տակ։ Դրանք գրեթե շրջափակման մեջ են։

«Եթե իրավիճակը ստիպի, ՌԴ–ն կընդլայնի իր միջոցները». փորձագետը` Ադրբեջանի հարձակման մասին

Հիշեցնենք` Արցախի պաշտպանության նախարարությունն այսօր առավոտյան տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: