ԱԱԾ–ն խուզարկում է Վարդան Այվազյանի բնակարանը. հայտնի է` որ գործի շրջանակում

ՀՀ բնապահպանության նախկին նախարարն այս պահին դատավարական որևէ կարգավիճակ չունի։ Sputnik Արմենիան զրուցել է փաստաբանի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունն այս պահին խուզարկում է բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի բնակարանը։ Փաստաբան Միհրան Պողոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց, որ խուզարկության համար հիմք է հանդիսացել այն, թե իբր Այվազյանը նոյեմբերի 10-ին մասնակցել է ԱԺ–ում և կառավարությունում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին։

«Նման իրավիճակ է ստեղծվել այն ֆոնին, երբ Այվազյանն ակտիվորեն մասնակցում է ցույցերին։ Նպատակը մեկն է, որ կառավարության հաջորդ նիստի ժամանակ իշխանության ներկայացուցիչները հայտարարեն, թե նոյեմբերի 10-ի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործով այսքան մարդ է ձերբակալվել, որոնց մեջ կան նախկին իշխանության այսքան ներկայացուցիչներ»,–ասաց Պողոսյանը` վստահեցնելով, որ նոյեմբերի 10-ին Այվազյանը չի մասնակցել բողոքի ակցիաներին։

Նա հայտնեց` նախկին նախարարն այս պահին դատավարական որևէ կարգավիճակ չունի, սակայն խուզարկության որոշման մեջ առկա հիմքերից ակնհայտ է, որ նրան կասկածում են անկարգությունները կազմակերպելու մեջ։

Պողոսյանի գնահատմամբ` ԱԱԾ–ն գործիք է դարձել իշխանության ձեռքին։ Նա հիշեցրեց, որ այլ քրգործերով անցնում է Այվազյանը, որոնք, սակայն, որևէ կապ չունեն այս քրգործի հետ։

ԱԱԾ–ն պետք է դավաճան-կապիտուլյանտների շարժառիթները պարզի. Քոչարյանի գրասենյակի արձագանքը

Այս ամենը, ըստ Պողոսյանի, արվում է, որպեսզի զսպեն Այվազյանին` իր բողոքի ձայնն արտահայտելու համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։ Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Նրա հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

ԱԱԾ–ն ավելի ուշ հայտնեց, որ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի և ԱԺ–ի, կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1 հոդվածի 1-ին մասով հարուցված քրգործի շրջանակներում հետապնդումներ են հարուցվել շուրջ հինգ տասնյակ մասնակիցների կամ կազմակերպիչների նկատմամբ, որոնցից 18–ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։