Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը որոշ ժամանակով կաթվածահար է եղել բողոքի ակցիայի պատճառով

Երևանի մետրոյում դարձյալ քաղաքացիական անհնազանդության ակցիա է իրականացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Այսօր առավոտյան, մետրոպոլիտենի աշխատանքի ամենաթեժ ժամին, քաղաքացիական անհնազանդության ակցիաների մասնակիցները շուրջ 1 ժամ շարունակ կաթվածահար վիճակում են պահել Երևանի մետրոպոլիտենը։

Ցուցարարները մետաղադրամներ լցրին ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ ի նշան բողոքի

Այս տեղեկությունները Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։

«09։08-ի դրությամբ «Գործարանային» կայարանում նորից քաղաքացիներն իրականացրել էին անհնազանդության ակցիա` փակելով ու կաթվածահար անելով մետրոպոլիտենի աշխատանքը։ 09։45-ի դրությամբ արդեն աշխատանքները վերսկսվեցին»,– հայտնեց նա։

Հիշեցնենք` դեկտեմբերի 8-ին ևս քաղաքացիական անհնազանդության ակցիա էր իրականացվել Երևանի մետրոպոլիտենում։ Ակցիան դարձյալ սկսվել էր «Գործարանային» կայարանից` խափանելով մետրոպոլիտենի ամբողջ աշխատանքը։

Հավելենք, որ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետի՝ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։