Ծափեր՝ ի աջակցություն բերման ենթարկվածների

Քաղաքացիներն անհնազանդության ակցիաները շարունակելու են նաև վաղն ու այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի հեռացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները շարունակվում են։

Երևանի կենտրոնից 2 քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց, մեկը ոստիկանության աշխատակից է

Ֆրանսիայի հրապարակում «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն առաջարկեց ծափերով ողջունել և աջակցություն հայտնել այն ցուցարարներին, որոնք այս պահին բերման են ենթարկված ոստիկանական բաժանմունքներ։

Նա կոչ արեց հեռուստացույցի, համակարգիչների մոնիտորների, հեռախոսների այն կողմում նստած մարդկանց՝ դուրս գալ փողոց, միանալ պայքարին։

«Ես ձեզանից մեկն եմ, ինձ համար անսովոր է այս կարգավիճակը, բայց մենք պետք է հասկանանք, որ Հայաստանի փրկության համար, մեր ժողովրդի, մեր երեխաների համար մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պայքարել այս դավաճան իշխանությունների դեմ»,- նշեց Վանեցյանը։

Նա շեշտեց՝ սա իշխանության համար պայքար չէ ու հրաժեշտ տվեց՝ վաղը հանդիպելու պայմանավորվածությամբ։

Ցուցարարները տեղեկացրեցին, որ անհնազանդության ակցիաները շարունակվելու են, քանի դեռ վարչապետը հրաժարական չի տվել։

Երևանի մետրոպոլիտենի աշխատանքը որոշ ժամանակով կաթվածահար է եղել բողոքի ակցիայի պատճառով

Հավելենք, որ մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիայի մասնակիցներ օրվա ընթացքում փողոցներ են փակել։

Ոստիկանները բերման են ենթարկել մոտ 40 ցուցարարի, այդ թվում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին։

Հավելենք, որ Արցախում հրադադար հաստատելու վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր ուժերը պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետի՝ Հայրենիքի փրկության շարժման միասնական թեկնածուն Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանն է։