Հայաստանյան իշխանություններն ապաշխարելու փորձ չեն անում. Զատուլին

Ռուս պատգամավորը ներկայացրեց իր տեսակետը, թե ինչ հետևություններ պետք է Հայաստանն անի ղարաբաղյան պարտությունից հետո։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik.Հայաստանը ղարաբաղյան պատերազմից հետո պետք է «վառոդը չոր պահի»։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը` նշելով, որ միաժամանակ անվտանգության երաշխիքը պետք է ամեն կերպ ամրապնդել. խոսքը հակամարտության գոտում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մասին է։

Ղարաբաղն ինքնորոշման իրավունք ունի՝ որպես իրական գոյություն ունեցող պետություն. Զատուլին

Զատուլինի խոսքով՝ ինքը ոչ մի կերպ չէր ցանկանա միջամտել Հայաստանի ներքաղաքական գործերին, բայց կարծում է, որ Երևանում պետք է անհրաժեշտ հետևություններ անեն այս պարտությունից:

«Տարօրինակ կլիներ, եթե Հայաստանի հետագա մոտալուտ ճակատագիրն ուղեկցվեր այն մարդկանց արդարացմամբ, որոնք թույլ տվեցին այդ պարտությունը և միաժամանակ մտադիր են կառչած մնալ իշխանությունից», - նշեց Զատուլինը:

Քաղաքական գործիչը հայաստանյան ներկա ղեկավարության մոտ ապաշխարության ոչ մի նշան և պատասխանատվություն ստանձնելու ցանկություն չի տեսնում։

Նա կասկածում է, որ այդ հիմքի վրա երկրում կարելի է վերականգնել տնտեսությունը, պաշտպանունակությունը։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ընդդիմությունը պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում Երևանում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Դեկտեմբերի 3-ին հայտնի դարձավ, որ ընդդիմությունն առաջարկում է ժամանակավոր կառավարություն ստեղծել, որը կգլխավորի ՀՀ նախկին վարչապետ, Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։