Հայաստանը կվերսկսի Չինաստանի հետ պղնձաձուլարանի կառուցման քննարկումները

Փոխվարչապետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի առևտրային հիմնական գործընկերներից է։ Նա կարևորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆան Յունին: Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ փոխվարչապետը նշել է, որ Չինաստանը Հայաստանի ամենակարևոր գործընկերներից է։ Նա ընդգծել է, որ փոխվստահության ու փոխադարձ շահերի վրա հիմնված հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Դոլարի փոխարժեքն աճում է, իսկ սննդի գինը՝ դեռ ոչ․ որո՞նք են այս «պարադոքսի» պատճառները

Դեսպանն էլ իր հերթին նշել է, որ ջանք չի խնայի հայ-չինական համագործակցության հետագա զարգացման ու ընդլայնման համար:

Փոխվարչապետ Ավինյանը խոսել է Արցախի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումների մասին, ներկայացրել գերիների փոխանակման գործընթացը և հայկական կողմի դիրքորոշումը:

«Զրուցակիցները քննարկել են Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության, մասնավորապես հանրային տրանսպորտի ու առողջապահության ոլորտի ծրագրերը, ինչպես նաև նախանշել տեխնիկական աջակցության շրջանակներում համագործակցության հետագա հնարավորությունները»,- նշված է հաղորդագրության մեջ։

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ Չինաստանը Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է։ Նրանք վստահություն են հայտնել, որ համատեղ աշխատանքի միջոցով հնարավոր է առևտրաշրջանառության ծավալներն ավելի մեծացնել:

Ավինյանը կարևորել է չինական ուղղակի ներդրումների ներգրավումը և փոխշահավետ ծրագրերի իրականացումը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ պղնձաձուլարանի կառուցման շուրջ քննարկումները վերսկսելու հնարավորությանը։

Հիշեցնենք, որ գործընթացը սկսվել էր դեռ անցած տարվա վերջին, սակայն ժամանակավորապես դադարեցվել էր՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով:

Քննարկվել է նաև հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության աշխատանքը։ Անդրադարձ է արվել դրա գործունեության ընդլայնման հնարավորություններին: