Չի զլանում օծանելիքի մասին խոսել, իսկ Ալիևի ու Էրդողանի ասածներին չի պատասխանում. Տոնոյան

Իվետա Տոնոյանը ցավ է ապրում, երբ Ռուսաստանն է պատասխանում Ալիևին ու Էրդողանին։ Իսկ ՀՀ կառավարությանը, վարչապետի մամուլի խոսնակին շուրջ 8 ժամ է պահանջվում անբովանդակ պատասխանի համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց` Բաքվի շքերթում Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններն ավելի տհաճ ու բացասական ընկալում ունեցան այն ժամանակ, երբ դրանց առաջինն արձագանքեց ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի իշխանությունը։

«Ես ցավում եմ, որ ՀՀ կառավարությունը, ՀՀ վարչապետի մամուլի խոսնակին շուրջ 8 ժամ պահանջվեց, որպեսզի անբովանդակ արձագանքով հանդես գան ու պատասխանեն Ալիևի ու Էրդողանի հայտարարություններին»,– ասաց Տոնոյանը։

Նա որպես հակադրություն նշեց, որ ընդդիմության հայտարարություններին ու քննադատություններին արձագանքելու համար վարչապետին ընդամենը մի քանի րոպե է անհրաժեշտ լինում։

Ալիևի ու Էրդողանի հայտարարությունները նաև Ռուսաստանի դեմ էին. Մարուքյան

«Պատերազմից հետո արդեն շուրջ 1 ամսվա ընթացքում որևէ անգամ չի ունեցել այնքան համարձակություն, որ արձագանքի Ալիևի` մինչև այս պահը հնչեցրած ստորացուցիչ հայտարարություններին, ինչպես նաև նախօրեի հայտարարությանը,– ասաց Տոնոյանը,–ես մեծ ցավ եմ ապրում, երբ Երևանի, Զանգեզուրի, Սևանի մասին հայտարարությունները մնում են անարձագանք, բայց փոխարենը վարչապետը չի զլանում կորցրած ժամացույցի կամ օծանելիքի մասին հանդես գալ ստատուսով կամ լայվով»։

Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող լինել ՀՀ անվտանգության երաշխավոր։

Արա Աբրահամյանը մեղադրել է Փաշինյանին ու հիշեցրել Բաքվի շքերթում Ալիևի սպառնալիքների մասին

Հիշեցնենք` դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, թե հիմա Էնվեր Փաշայի հոգին փառավորվել է։ Ադրբեջանի նախագահ Ալիևն էլ ասել էր, որ Զանգեզուրը, Սևանն ու Երևանն իրենց պատմական հողերն են։ Նա նաև շեշտել էր, որ հարկավոր է պատրաստվել նոր պատերազմի։ 

Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը ժամեր անց հայտարարեց, որ խստորեն դատապարտում են Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարություններն ու Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։

Վարչապետը պիտի հեռանա, կամ առանց նրա կորած ենք. կարծիքներ` ներքաղաքական կյանքի մասին