Տնից ու բնակավայրից զրկված արցախցիներին ՀՀ կառավարությունը միանվագ օգնություն կտրամադրի

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է Հայփոստի և Արցախփոստի միջոցով: Միջոցառման շահառուների ցանկը տրամադրելու է Արցախի կառավարությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետությունում հաշվառված այն քաղաքացիները, որոնք Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի պատճառով զրկվել են տներից կամ տեղահանվել իրենց բնակավայրերից, ՀՀ կառավարությունից փոխհատուցում կստանան։

Որոշումն այսօր ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նախագիծը ներկայացնելիս հայտնեց, որ ծրագրի շահառու ընտանիքների յուրաքանչյուր անդամը, այդ թվում`երեխաները, կստանան 250 000–ական դրամ միանվագ աջակցություն։

«Այսինքն` այն քաղաքացիները, որոնք այս պահին չունեն բնակության վայր Արցախի Հանարապետությունում, հանդիսանալու են այս միջոցառման շահառու»,– ասաց Առաքելյանը։

Ըստ որոշման` միջոցառումից օգտվելու համար արցախցիները պետք էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնեն մինչև 2021 թվականի հունվարի 20-ը:

Անհետ կորածների ու գերիների ընտանիքները ամսական 300 000 դրամ գումար կստանան

Միանվագ դրամական օգնությունը տրամադրվելու է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:

Միջոցառման շահառուների ցանկը տրամադրելու է Արցախի կառավարությունը:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ 

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ 

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ