«Սադրիչ հայտարարություններ են». Փաշինյանի խոսնակը պատասխանել է Ալիևին և Էրդողանին

Մանե Գևորգյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահի պնդումները, թե Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը:

«Անթույլատրելի է անպատասխան թողնել». Սաֆրաստյանը` Ալիևի հայտարարությունների մասին

«Արմենպրեսի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին:

«Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Ադրբեջանի նախագահի պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը, ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով»,–ասել է Գևորգյանը:

Նրա խոսքով` այդ հայտարարություններն առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց: Գևորգյանն ասել է նաև, որ այդ հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին:

Քաղաքական հայտարարությունները չպետք է չեղարկեն գործընթացը. Զախարովան` Ալիևի խոսքերի մասին

Վարչապետի խոսնակը հավելել է, որ սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տևական կայունության: «Խիստ դատապարտելի է նաև Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»,–ասել է Գևորգյանը։

Հույս ունենք` Մինսկի խումբը կօգնի կարգավորել չլուծված բոլոր հարցերը. Արա Այվազյան

Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիևը Երևանը, Սևանը և Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել։ Էրդողանն էլ իր հերթին ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի և Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»: