Փորձագետը կասկածում է, որ Հարավային Կովկասի «վեցյակի հարթակը» իրատեսական է

Հայաստանը դժվար թե կարողանա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ որևէ հարթակի մեջ մտնելու պայմանավորվածություն ձեռք բերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի - Sputnik. Հարավային Կովկասի «վեցյակի հարթակ» ստեղծելու Թուրքիայի ու Ադրբեջանի գաղափարը հետաքրքիր է, բայց դեռ իրատեսական չէ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Միխայիլ Ռոսչինը։

«Նույնիսկ Փաշինյանը չի համարձակվում դա անել»․ Էրդողանն Արցախի թեմայով կշտամբել է Մակրոնին

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկում են Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության զարգացման համար «վեցյակի հարթակ» ստեղծելու հարցը, հարթակում կարող են ներառվել Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը, Վրաստանն ու «ցանկության դեպքում» Հայաստանը։

«Հետաքրքիր գաղափար է․ բայց սկզբում պետք է իրավիճակը հանդարտվի։ Պետք է հասկանալ՝ ինչպես են զարգանալու տարբեր տարանցումային նախագծերը (մասնավորապես՝ Ադրբեջանից Նախիջևան – խմբ․), թուրքերը դեռ զբաղված են երկաթուղու նախագծով։ Թե որքան է հնարավոր նման համապարփակ հարթակի ստեղծումը, դեռ անհայտ է», - ասել է Ռոսչինը։

Նրա կարծիքով` եթե նման հարթակ լիներ, կայունացնող բնույթ կունենար ոչ միայն Կովկասի, այլև Միջին ու Մերձավոր Արևելքի համար։

Փորձագետը նշել է նաև, որ հիմա Հայաստանը, որտեղ շատ ցավոտ են ընդունել ղարաբաղյան պարտությունը, քաղաքական ճգնաժամի մեջ է, այդ պատճառով դժվար թե կարողանա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ որևէ հարթակի մեջ մտնելու պայմանավորվածություն ձեռք բերել։ Բացի այդ, Ռուսաստանում չէին ցանկանա, որ Թուրքիան ամրապնդվի Հարավային Կովկասում, ու խանդով են վերաբերվում այդ տարածաշրջանում նրա ակտիվությանը։