Արցախում չպայթած զինամթերքը դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել․ ԱԻՊԾ

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը քաղաքացիներին հորդորում է ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում անհապաղ զանգահարել իրենց։
Sputnik

Արցախի բնակավայրերում դեռ երկար ժամանակ շարունակելու է վտանգ ներկայացնել չպայթած զենք-զինամթերքը: Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և հորդորում քաղաքացիներին զգուշություն ցուցաբերել։

Արցախում տարհանվող զինամթերքի պայթյունի հետևանքով 2 զինծառայող է զոհվել

Նշվում է, որ Ստեփանակերտից և շրջաններից Արցախի սակրավորական ջոկատները հայտնաբերում են տարբեր տեսակի պայթյունավտանգ առարկաներ, կամ կյանքին վտանգ սպառնացող ռազմամթերք:

«Ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել արտակարգ իրավիճակների պետական ծառայություն 911,101 կամ 112 կարճ հեռախոսահամարներին»,-նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ այն զինատեսակները որոնք հնարավոր չէ տեղափոխել, պայթեցվում են տեղում:

Հիշեցնենք, որ Հումանիտար ականազերծման կենտրոնի ռուս զինծառայողները Արցախում պայթուցիկ նյութերից մաքրել են 71 հեկտար տարածք, 24 կմ ճանապարհ։ Ընդանուր առմամբ հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 4,5 հազար պայթյունավտանգ առարկա։

Արցախում ռուս խաղաղապահները շուրջ 1000 պայթյունավտանգ զինամթերք են վնասազերծել

Սակրավորները մաքրում են տարածքը, էլեկտրահաղորդման գծերի հենարանները, գազատարներն ու ենթակառուցվածքների մյուս օբյեկտները։

Էլեկտրամատակարարման համակարգը վերականգնված է 85 տոկոսով, վերսկսված է նաև գազի մատակարարումը բնակելի տներում։ Կրկին հասանելի են բջջային կապն ու ինտերնետը։